Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տի 1988թ.)։ Մարզի զարգացման գործում Հայաստանի համար ավելի կրավորական դեր դժվար էր պատկերացնել, քանի որ որոշման նշված երկու կետերն անգամ ոչ թե նրան ինչ-որ նոր իրավունքներ են վերապահում, այլ պարզապես արձանագրում են արդեն գոյություն ունեցող փաստը. առանց այդ էլ՝ Ղարաբաղում եւ Ադրբեջանական ՍՍՀ-ի մյուս շրջաններում գտնվող հայկական դպրոցներում օգտագործվում էին Հայաստանում տպագրված մեթոդական ձեռնարկներն ու դասագրքերը, եւ առանց այդ էլ՝ Հայաստանի բուհերում նպատակային տեղեր էին հատկացվում ղարաբաղցի ուսանողներին։ Այսպիսով ակնհայտ է, որ ՍՄԿԿ կենտկոմը ընդամենը մեկ ամսի ընթացքում Հայկական ՍՍՀ-ին լիովին զրկել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական եւ կուլտուրական զարգացման գործին մասնակցելու իրավունքից։ Այդ պատճառով ամենեւին զարմանք չպետք է առաջացնի այն փաստը, որ ղարաբաղցիները բացահայտ թերահավատությամբ են վերաբերվում հրապարակված միջոցառումներին։

ՍՄԿԿ կենտկոմի եւ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի բարենորոգումների ծրագիրը, որով որպես ողորմություն Ղարաբաղին է մատուցվում տարիներ շարունակ նրանից կորզված միլիոնների չնչին տոկոսը, էժանագին խաբեություն է՝ կոչված մեռցնելու հասունացած քաղաքական խնդիրը եւ բթացնելու հայ ժողովրդի զգոնությունը։ Այսպես կոչված «Ղարաբաղի պրոբլեմների» լուծման միակ միջոցը մարզի վերամիավորումն է Հայաստանի հետ։ Հարյուր տարվա փորձից հետո հայ ժողովուրդը կարող է ճզմվել, տեղի տալ բռնի ուժի առջեւ, բայց այլեւս չխաբվել, չփայփայել որեւէ պատրանք։ Գոնե սա պետք է լինի մեր ազգի արթնացման, մեր միամտության թոթափման արտահայտությունը, մեր բարոյական հաղթանակը։

ՀՀԱՆԱ, 12/30.03.88։ Թռուցիկ, 30 մարտի, 1988 թ.։ Բնագիր։ Մեքենագիր։