մակարդակի, ինչը մենք այսօր հնարավորություն ունենք ստեղծել՝ առանց ենթարկվելու նման փորձությունների։
Եւրոպան, ինչպես ասացի, համագործակցության հասավ ա՛յս ճանապարհով, բայց արդյո՞ք դա է միակ ճանապարհը։
Ելնելով մեր իրականությունից, Խորհրդային Միության` այս ունիտար, տոտալիտար, դժոխային (ինչ անուն ուզում եք տվեք) պետության իրականությունից, պետք է հասկանալ, որ սա մի պատմական, քաղաքական, տնտեսական եւ, եթե կուզեք՝ նաեւ հոգեւոր միասնություն է, առարկայական իրողություն։ Սա կա, սրանից չենք կարող փախչել։ Եւ արդյո՞ք հնարավոր չէ այն կացությանը, որին Եւրոպան հասավ ներքեւից, հասնել վերեւից։ Այսինքն, քանդելով այս ունիտար, տոտալիտար համակարգը, աստիճանաբար մոտենալ ահա այն մակարդակին, որին հասել է Եւրոպան։
Հնարավո՞ր է արդյոք, թե՞ ոչ։
Եթե բոլորը փախչեն իրենց տները, դա հնարավոր չի լինի, եւ տեսնում ենք դրա հետեւանքները. փախչողներն արդեն պատերազմի մեջ են։ Վրաստանում քաղաքացիական պատերազմ է, Մոլդովայում` ազգամիջյան։ Ես մեր վիճակը շատ հեշտությամբ պատկերացնում եմ. եթե մենք էլ կատարենք նույն ընտրությունը, որ կատարեցին Մոլդովան կամ Վրաստանը, ապա չենք կարող խուսափել Ադրբեջանի հետ պատերազմից։
Եթե մենք վստահ ենք մեր ուժերին, այն իմաստով, որ կարող ենք լրիվ խզել բոլոր կապերը Խորհրդային Միության հետ եւ ի վիճակի կլինենք ապահովել մեզ թե՛ սնունդով, թե՛ վառելիքով, թե՛ զենքով ու զինամթերքով ու շահել պատերազմը մեր հարեւանների դեմ` խնդրեմ, ընտրենք այս ճանապարհը, եթե վստահ ենք։
Բայց թող շուտափույթ անկախության ջատագովները մեզ տան այդ երաշխիքները։ Կարծում եմ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն կգտնվի, որ կգնահատի այդ երաշխիքները եւ կգնա այդ մարդկանց ետեւից։ Մենք այստեղ իրար խաբելու համար չենք հավաքվել, ինչպես ասում է պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Թող յուրաքանչյուրը ներկայացնի իր ծրագիրը, իր երաշխիքները, իր տեսակետները, եւ ես հավատացած եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։ Ինձ համար առնվազն ակնհայտ են այն ուղու արհավիրքները, որն առաջարկում են անհապաղ անկախության կողմնակիցները։