Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԽՈՍՔ՝ ՊԱՏՄԱՀԱՅՐ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» 1500-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ

(4 հոկտեմբերի, 1991 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Ինձ համար մի փոքր արդեն անսովոր, բայց միաժամանակ հաճելի առիթ է չորսամյա ընդմիջումից հետո հրապարակավ հանդես գալ գիտամշակութային բնույթի ելույթով, ամենեւին չհավակնելով, իհարկե, տալ հանդիսության առարկայի համակողմանի գիտական գնահատականը, որ բացառապես մասնագետ-գիտնականների գործն է, եւ այդ պատվավոր գործը, ինչպես ցույց տվեցին հոբելյանին նվիրված փարիզյան եւ երեւանյան գիտաժողովները, նրանք կատարում են ամենայն բարեխղճությամբ եւ հմտությամբ։

Այդուհանդերձ, հայ միջնադարյան մշակույթի համեստ հետազոտողի իրավասությամբ հարկ եմ համարում ընդհանուր գծերով ներկայացնել խնդրո առարկա բացառիկ երեւույթի դերն ու նշանակությունը՝ նկատի ունենալով ժամանակների տրամաբանական կապը եւ ժողովրդի հավաքական հիշողության խորքային օրինաչափությունները, հեռու մնալով, սակայն, բացարձակ ճշմարտություններ հաստատելու սին գայթակղությունից։

Խորապես խորհրդանշական է, որ հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի այս վճռական պահին, երբ միասնաբար դնում է անկախ պետականության վերականգնման հաստատուն հիմքերը, հանդիսավորապես տոնում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության»