կական մթնոլորտի բերումով) քաղաքական գործունեության, քան` բուն օրենսդիր։ Դա, իհարկե, կդժվարացնի թե՛ մեր, թե՛ խորհրդարանի աշխատանքը։ Եւ այստեղ շատ էական չէ այն հանգամանքը, թե Գերագույն խորհուրդը բազմակուսակցակա՞ն սկզբունքով է ընտրված, թե` մեծամասնական։
― Իսկ այն հանգամա՞նքը, որ ՀՀՇ-ն մեծամասնություն ունի այս խորհրդարանում …
― Կարելի է ասել, որ ՀՀՇ-ն էլ խորհրդարանի մյուս ուժերի նկատմամբ իմ ունեցած հակակշիռն է։ Առանց դրա անհնարին կլիներ աշխատանքը։ Գաղտնիք չէ, որ բոլոր ընտրովի նախագահներն էլ խորհրդարանում ունենում են մեծամասնություն կամ գոնե այնպիսի մի ծանրակշիռ խմբակցություն, որը թույլ չի տա, որ խորհրդարանը վիժեցնի Նախագահի քաղաքական ծրագրերի իրականացումը։
― Սահմանադիր ժողովի հրավիրումը, ինչպես հաճախակի առաջարկում է ընդդիմությունը , կամ երկպալատ խորհրդարանի հիմնումն ավելի կառուցողական չէի՞ն դարձնի գործադիր եւ օրենսդիր մարմինների փոխհարաբերությունը։
― Սահմանադիր ժողովի առաջարկների ելակետը Գերագույն խորհրդի այսօրվա կազմն է։ Ընդդիմությունը համոզված է, որ նոր ընտրությունների հետեւանքով ուժերի հարաբերակցությունը կփոխվի հօգուտ իրեն։ Ես, իհարկե, չեմ կարծում, որ նոր ընտրությունների դեպքում ուժերի հարաբերակցությունը էապես կփոխվի։ Այդ են վկայում նաեւ նախագահական ընտրությունների արդյունքները։ Թերեւս բուն բովանդակության տեսակետից էլ՝ Սահմանադիր ժողովի կողմնակիցները ճիշտ չեն գնահատում այդ կառուցվածքի անհրաժեշտությունը։ Նման ժողովները, որոնք պատմության մեջ սկիզբ են առնում ֆրանսիական հեղափոխությունից, հեղափոխական ժամանակների կառույցներ են։ Երբ չկան համապատասխան մարմիններ, կազմավորված խորհրդարան, Սահմանադիր ժողովի կարիք է ծագում։ Շատ պետություններ էլ այդ գործը դնում են խորհրդարանի ուսերին։ Դեմ չեմ, որ որոշակի պահի անկախ Սահմանադիր ժողովն ավելի հանձնարարելի է Սահմանադրություն մշակելու համար, քանի որ Գերագույն խորհուրդը պատգամավորները երբեմն ինչ-ինչ բաներում կարող են շահագրգիռ կողմ լինել…