Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ չեմ տեսնում այսօր մեկ այլ գաղափարախոսություն, որն ավելի պատշաճի մեր հասարակության, պետության շահերին։ Բնական է, որ ՀՀՇ-ի հանդեպ վերաբերմունքն այս մեկուկես տարում փոխված լինի եւ փոխվել է, որովհետեւ երբ այն ընդդիմությունից վերածվեց իշխող կուսակցության, իր վրա վերցրեց երկրում կատարվող բոլոր երեւույթների պատասխանատվությունը։ Հաճախ է որեւէ կուսակցություն բարձր ռեյտինգով գալիս իշխանության գլուխ, ապա նրա նկատմամբ հետզհետե դժգոհությունները մեծանում են։

― Հանրաքվեն տեղի ունեցավ մեծ ոգեւորությամբ։ Որքան էլ որ իրատեսությամբ լեցուն` ժողովուրդն անհամբեր է Հայաստանի միջազգային ճանաչման խնդրում։ Որեւէ կանխատեսում կանե՞ք։

― Ես ուզում եմ հստակ արտահայտել իմ տեսակետը, որպեսզի զուր պատրանքներ չփայփայենք։ Աշխարհը ճանաչեց Բալթյան հանրապետությունների անկախությունը. բայց, չնայած իրավական այնպիսի մի զորեղ հիմքի, ինչպիսին է այդ երկրների օկուպացիայի անօրինականությունն աշխարհի կողմից մշտապես ընդունած լինելը` միայն Ռուսաստանից հետո ճանաչեց նրանց։ Այժմ Արեւմուտքում ձեւավորվում է մի նոր քաղաքական տեսակետ, որից օգտվում է Գորբաչովը։ Այն է՝ Բալթյան պետությունների օրինակը չպետք է նախադեպ ծառայի մյուս հանրապետությունների համար։ Այսինքն, Արեւմուտքը նորից չի քաջալերում անկախության ձգտող հանրապետություններին եւ կճանաչի նրանց միայն այն ժամանակ, երբ այդ բանը կանի Մոսկվան։ Մոսկվա ասելով` ես հասկանում եմ Ելցինին, քանի որ ամբողջ աշխարհին է հայտնի, որ Խորհրդային Միության ռեալ քաղաքականությունն այսօր որոշում է Ելցինը։ Մենք շարժվել ենք խորհրդային գործող օրենքների համաձայն, այդ պատճառով իրավաբանական առումով ո՛չ Ելցինը, ո՛չ Գորբաչովը, ո՛չ Արեւմուտքը որեւէ առարկություն չեն կարող ունենալ մեր անկախությանը։ Եւ որովհետեւ քաղաքական տեսանկյունից հարցը կրկին հանգում է Ռուսաստանին, ես չեմ թաքցնի, որ Մոսկվայում հանդիպեցի թե՛ Ելցինի եւ թե՛ Ռուսաստանի պետական քարտուղար Բուրբուլիսի հետ առանձին-առանձին եւ լուրջ խոսակցություններ ունեցա։ Կարող եմ ասել, որ դեպքերի զարգացումը լավատեսություն է ներշնչում։ Ավելին չեմ կարող ասել։