կայն ակնհայտ է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է գործի դնել քաղաքական եւ տնտեսական լրացուցիչ եւ ավելի ազդեցիկ լծակներ։ Այդ լծակների որոնումն ու գործադրումը մնում են հանրապետության իշխանությունների մշտական մտահոգության առարկան։ Ինչ վերաբերում է հանրապետության պարենային ապահովվածությանը, ապա առաջիկա ձմռան ընթացքում բնակչության նվազագույն կենսապահանջների բավարարմանը վտանգ չի սպառնում։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ էներգետիկական ճգնաժամի հաղթահարմանն ու պարենամթերքների հայթայթմանը զուգընթաց՝ հանրապետության իշխանությունները պետք է մշակեն եւ իրականացնեն նաեւ որոշակի քաղաքական ու տնտեսական միջոցառումներ։ Ես ամենեւին մտադրություն եւ հնարավորություն իսկ չունեմ օրվա հանդիսությանը պատշաճող այս հակիրճ ելույթում հանգամանորեն ներկայացնել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր, այնուամենայնիվ, հարկ եմ համարում կանգ առնել մի շարք առաջնահերթ խնդիրների վրա։
1. Հնարավորին չափ կարճ ժամկետում կատարելագործել եւ հասարակության զարգացման ներկա պահանջներին հարմարեցնել պետական իշխանության գործող համակարգը, օրենսդրորեն սահմանազատել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների լիազորությունները, ապահովել գործադիր իշխանության ուղղաձիգ կառուցվածքը, խթանել խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, ամրապնդել դատական իշխանության անկախությունը։
2. Օրենքով սահմանված շրջանակն երում ապահովել քաղաքացիական իրավունքների անկաշկանդ կենսագործումն ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության լիակատար ազատությունը։ Կուսակցությունների համար սահմանել հատուկ կարգ` զանգվածային լրատվության պետական միջոցներից, մասնավորապես ռադիոհեռուստատեսության ծառայություններից օգտվելու բացարձակապես հավասար պայմաններ ստեղծելու նպատակով։