Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքնուրույն տնտեսական ենթակառուցվածք` ձերբազատված արտաքին հանգամանքների կամայական ազդեցություններից։

2. Մինչեւ այս տարվա ավարտը համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծել օտարերկրյա կապիտալի ներթափանցումը հեշտացնելու համար` արագ կերպով ընդունելով մանավանդ «Արտասահմանյան ներդրումների» եւ «Հարկերի մասին» օրենքները։

3. Սահմանել խստագույն հարկային վերահսկողություն։ Սեփականաշնորհման հետեւանքով գոյացած եկամուտները բացառապես, իսկ հարկերի միջոցով գանձված եկամուտների զգալի մասը տրամադրել հանրապետության ազգաբնակչության սոցիալական կարիքների բավարարման եւ աղետի գոտու ու գաղթականության հարցերին վերաբերող հատուկ ծրագրերի իրականացման նպատակներին։

4. Նկատի ունենալով նախկին խորհրդային հանրապետություններում տնտեսական բարեփոխումների անցկացման չհամաձայնեցված ժամկետները եւ դրա հետեւանքով առաջացող անհավասարության միտումները` միջոցներ ձեռնարկել հանրապետության ներքին շուկայի պաշտպանության ուղղությամբ, այդ նպատակով ստեղծելով հանրապետական մաքսային ծառայություն եւ մոտ ապագայում հիմնելով ազգային դրամ։

5. Ըստ երեւույթին անհրաժեշտություն կծագի նաեւ նախատեսվածից շուտ հանրապետությունում անցնելու ազատ գների քաղաքականության` նկատի ունենալով, որ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությունը գրեթե անխուսափելի է դարձնում նրա անդրադարձը մյուս բոլոր հանրապետություններում։ Սակայն կենսական նշանակության որոշ ապրանքների համար մեզ մոտ կսահմանվեն անշրջանցելի վերին գներ` ազգաբնակչության վնասը նախապես հատուցելով համապատասխան դրամական միջոցներով։

Արտաքին քաղաքականության բնագավառում

1. Նկատի ունենալով, որ հանրապետության ներկա իշխանությունների ամենալուրջ թերացումը եղել է արտաքին հարաբերությունների ոլորտը, անհրաժեշտ է շուտափույթ կերպով ակտիվացնել արտաքին գործերի նախարարության գործունեությունը եւ եռանդուն կապ հաս