Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծրագրի իրականացման գործընթացից, օգոստոսյան հեղաշրջման օրերին ցուցաբերած դիրքորոշումից, Անկախ Պետությունների Ընկերակցության շրջանակներում վարվող քաղաքականությունից, մեր հարեւանների հետ զարգացող հարաբերությունների ճանապարհից եւ այլն։ Եւ եթե հանրապետության իշխանություններին հաջողվեց հետեւողականորեն իրականացնել որդեգրած քաղաքական ուղեգիծը, ապա նախ եւ առաջ շնորհիվ ՀՀՇ-ի, որը, գաղտնիք չէ, ներկա իշխանությունների առայժմ միակ սոցիալական հենարանն է։ Վստահ եմ, որ Հայոց համազգային շարժումը այսուհետեւ եւս կկարողանա կատարել իր կողմնորոշիչ դերը, որով մեծապես կօգնի իշխանություններին՝ իրականացնելու ընդունված ծրագրերը։

* * *

Վերը թվարկված երեւույթների գնահատման տեսակետից պետք է նկատի առնել եւս մի կարեւոր հանգամանք. քաղաքական համակարգի, հասարակական կառույցների, տնտեսական հարաբերությունների փոփոխությունները հանրապետության համար ստեղծում են մի նոր աշխարհաքաղաքական վիճակ, որը մեզ պարտադրում է հիմնովին վերանայել մեր ազգային գաղափարախոսությունը, քաղաքական մտածողությունը եւ նույնիսկ հոգեբանությունը։ Այս առումով անհրաժեշտ է արձանագրել, որ անցած չորս տարիների ընթացքում Շարժմանը հաջողվեց հաղթահարել բազմաթիվ հոգեբանական արգելքներ թե՛ ազգային գաղափարախոսության, թե՛ քաղաքական մտածողության բնագավառում։ Շարժման շնորհիվ ազգային ռոմանտիկային փոխարինելու եկավ քաղաքական իրատեսությունը, որն այսօր լիովին գիտակցվում է ժողովրդի կողմից։ Գիտակցվում է վերջապես, որ ազգի ու պետության իրական շահերը կապ չունեն զգացմունքների հետ, եւ որ զգացմունքները միայնումիայն կարող են խանգարել այդ շահերի իրականացմանը։

Աշխարհաքաղաքական տեսակետից երկրագունդը միշտ էլ կազմված է եղել պատմության որոշակի փուլի համար հարաբերականորեն անսասան համակարգերից։ Առաջին հերթին ես նկատի ունեմ քաղաքական համակարգերը, անվտանգության եւ համագործակցության միջազգային կոլեկտիվ կառույցները։ Խորհրդային Միությունն, ահա, անվտանգության եւ համագործակցության այդպիսի անսասան համա