հաստատեն միայնումիայն այդ կառույցների սկզբունքների հիման վրա, առայժմ մի կողմ թողնելով հայ-թուրքական երկկողմանի քաղաքական անհամաձայնությունները։ Թեեւ պարզ է, որ այդ քաղաքական խնդիրներն էլ արժանի են լուրջ քննարկման, սակայն հարաբերությունների երկրորդ փուլում՝ դիվանագիտական, տնտեսական, առեւտրական կապերի հաստատումից հետո։ Այն ժամանակ, ահա, մենք կքննարկենք բոլոր վիճելի հարցերն ու տարաձայնությունները, եւ վստահ եմ, որ իրական պետական շահերը կողմերին կստիպեն գտնել փոխզիջումներ, երկուստեք ընդունելի մոտեցումներ։
Մի քանի խոսք Արցախի հիմնահարցի մասին։ Արցախահայության հերոսական դիմադրությունը, ազգային-ազատագրական պայքարն արդեն ստիպել է աշխարհին Լեռնային Ղարաբաղը դիտել որպես ինքնուրույն քաղաքական գործոն եւ հաշվի նստել այս իրողության հետ։ Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ արցախցին ապացուցեց իր ինքնապաշտպանական կարողությունը, ցույց տալով, որ Արցախը բռնի ուժով հայաթափելու գործը ոչ միայն հեշտ չէ, այլեւ հղի է չափազանց վտանգավոր հետեւանքներով՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության համար։ Ահա այս մտահոգությունն է պատճառը, որ Արցախն այսօր փաստորեն դարձել է միջազգային ուշադրության կենտրոն, իսկ արցախյան հիմնահարցը՝ միջազգային խնդիր։ Քաղաքական տեսակետից սա պետք է համարել մեր ամենակարեւոր ձեռքբերումը։ Չեմ կասկածում, որ Արցախն արդեն փաստորեն նվաճել է միջազգային հանրության կողմից մարզում անվտանգության երաշխիքների մի կայուն համակարգ ստեղծելու իրավունքը։
Արցախի հիմնահարցը մասնավորապես այսօր օրակարգի խնդիր է դարձել Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդում (ԵԱՀԽ)՝ քննարկվելով նրա վերջին բոլոր նիստերում։ Մարտի 24-ին այս առթիվ պետք է կայանա մի նոր քննարկում, որտեղ պետք է ներկայացվեն հարցի լուծման կոնկրետ առաջարկներ։ Այստեղ նախեւառաջ ենթադրվում է միջազգային դիտորդների ներկայությունը, չի բացառված նաեւ Արցախի սահմաններում խաղաղարար ուժերի տեղադրումը։