հարաբերություն որպես այդպիսին կայանում ու գործում է միայն անհրաժեշտ նախադրյալների առկայության դեպքում։ Մեր խնդիրն է՝ ամենաարագ կերպով ստեղծել այդ նախադրյալները, ձեւավորել շուկայական տնտեսական հարաբերությունների ինստիտուցիոնալ համակարգը։
Ընդ որում, ժամանակի, տեմպի ու թափի առումով նոր տնտեսական հարաբերությունների համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը հին համակարգի փլուզման համեմատ առաջանցիկ բնույթ պետք է ունենա։ Հակառակ դեպքում անխուսափելի է ստվերային կառավարման ծավալումը։
Այս կարեւոր մեկնակետից ելնելով է նաեւ, որ պետք է իրականացվեն առաջիկա սեփականաշնորհման աշխատանքները, որոնց ծրագիրը շուտով ձեզ կներկայացվի։
Անհրաժեշտ է նաեւ արագացնել իշխանության մարմինների կազմակերպական ձեւավորման, գործադիր իշխանության ներդաշնակ ու գործուն համակարգ ստեղծելու, ինչպես նաեւ իշխանության բոլոր մակարդակներում իրավունքների եւ պարտականությունների անհրաժեշտ հաշվեկշիռ ձեռք բերելու պրոցեսը։ Այս խնդիրների լուծման նպատակով առաջիկայում ես կփորձեմ օգտագործել նաեւ իմ օրենսդրական նախաձեռնության իրավունքը։
Առաջիկա անելիքների մեջ մեծապես կարեւորվում է բնակչության սոցիալական պաշտպանվածության հուսալի երաշխիքների ստեղծումը։ Հաշվարկները վկայում են, որ եկող տարի նվազագույն աշխատավարձը հարկավոր է հասցնել 4455, միջին ամսականը՝ 5418 ռուբլու, զգալի չափով նվազեցնելով նաեւ գների ու բնակչության եկամուտների աճի խզումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու բնակչության առավելապես անպաշտպան խավերին, ինչպես նաեւ միգրացիայի բացասական միտվածության թուլացմանը։
1992 թվականի վերջին հանրապետությունում գործազուրկի կարգավիճակ ստացածների թիվը կհասնի 50 հազար մարդու, իսկ 1993թ. ավարտին այն կարող է հասնել մոտ 200 հազար մարդու։ Վերլուծությունը վկայում է, որ գրանցված գործազուրկների շուրջ 60 տոկոսն ունի բարձրագույն կրթություն։ Այս մտահոգիչ երեւույթը պահանջում է ոչ միայն անմիջական ու ակտիվ միջամտություն, այլեւ կրթական ու վերապատրաստման համակարգերի լուրջ վերափոխություն։ Այս տարի