մակարգում ստեղծում են այս իշխանությունների ժամանակավորության տպավորություն։ Նույնիսկ շահագրգռված մարդիկ կան, որ տարածում են, թե այս իշխանությունների օրերը հաշված են, եւ ով ինչ ուզի՝ կարող է անել։ Դա անմիջապես զգացվում է։ Քաղաքական նման անկայուն պահերին անմիջապես ընկնում է ե՛ւ նախարարությունների, ե՛ւ տեղական իշխանությունների, ե՛ւ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը։
Վիճակը ծանր է։ Ես չեմ խոստանում մեր ժողովրդին, թե առաջիկայում այն կարող է թեթեւանալ։ Դժվարությունները դեռեւս շարունակվելու են, ժողովրդի մեծ մասը դա հասկանում է։ Սակայն ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները, չի հանդուրժում, երբ ինքը ամիսներով լույս չունի, բայց կողքի շենքում ամբողջ օրը կա, երբ տեսնում է ակնհայտ թալան։ Գոնե այս հարցում պետք է բավարարենք ժողովրդի սպասումները։ Եւ մենք պետք է կարողանանք բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը։ Ես ուզում եմ զգոնության, պետականության գաղափարի ամրապնդման կոչ անել, ուղղակի արհամարհել բոլոր այն հոռետեսական մոտեցումները, որ կան մեր ժողովրդի գոյության ու ապագայի մասին։ Հիմա ով վեր է կենում, ցանկացած ամբիոնից, մամուլից խոսում է այն մասին, որ ժողովուրդը կործանվում է։ Մեր ժողովուրդը 3000 տարի չի գոյատեւել, որ այսօր ոչնչանա։ Մեր ժողովուրդը կա՛, կմնա՛ եւ հավերժ կլինի։ Ոչ մի անհատ չի կարող խաղալ իր ժողովրդի բախտի հետ։ Ոչ մի քաղաքական կուսակցություն եւս դա չի կարող անել։ Ճիշտ է՝ կարող են լինել շփոթություններ, կարող է ինչ-որ պահ ժողովուրդը սխալվել, բայց ժողովուրդը շատ արագ ի վիճակի է շտկել ցանկացած սխալ։ Եւ մեր ժողովրդի ամենադրական, ամենակարեւոր հատկանիշը հենց այդ վտանգի զգացողությունն է, նրա անհանդուրժողականությունը արկածախնդրության նկատմամբ եւ վտանգի պահին համախմբվելու ընդունակությունը։
«02. Ոստիկանական լրատու», 6 մարտի, 1993 թ.։
Հրատարակված՝ «Ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները» վերնագրով։