Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտարարել Հանրապետության Նախագահի որեւէ հրամանագիր, Հանրապետության Նախագահն իր հերթին գործնականում չի օգտագործել վետոյի իր իրավունքը խորհրդարանի ընդունած որեւէ օրինագծի նկատմամբ։

Առայժմ անտեսված, բայց իրականում խորքային տեղաշարժեր են կատարվել մարդկանց հոգեբանության մեջ, մանավանդ գյուղական բնակչության շրջանում։ Դառնալով հողի եւ իր արտադրանքի տերը, գյուղացին այսօր պետության ստրուկից վերածվել է պետության պարտնյորի, որն արդեն թելադրում է իր պայմանները։

Դանդաղորեն, դեռեւս ոչ ցանկալի տեմպերով, անկատար օրենսդրության պայմաններում, համենայն դեպս, իր ճանապարհն է հարթում մասնավոր ձեռներեցությունը, նկատելի թափ է ձեռք բերում հանրապետության ողջ տարածքում իրականացվող անհատական շինարարությունը։

Ժողովրդավարական ազատությունների եւ շուկայական հարաբերությունների այս ակնհայտ դրսեւորումները, սակայն, դեռեւս մեծապես կախված են սուբյեկտիվ գործոններից, նրանք չեն ինստիտուցիոնալիզացվել, ինչը նույն սուբյեկտիվ գործոնների պատճառով հղի է պետության կայունությանն ու օրինականության ապահովմանն սպառնացող լուրջ վտանգներով։

Ուստի այս առթիվ ես չեմ կարող չարտահայտել իմ խորին գոհունակությունը հանրապետության Սահմանադրության մշակման ուղղությամբ խորհրդարանի եւ քաղաքական կուսակցությունների կողմից վերջին շրջանում գործադրվող ջանքերի կապակցությամբ, որ պերճախոս վկայությունն է նման վտանգներից խուսափելու եւ ժողովրդավարական, իրավական պետության վերջնական կայացումը Սահմանադրությամբ երաշխավորելու բարձր գիտակցության։

Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման ծանր փորձությունից, թե՛ հանրապետության Սահմանադրության ընդունման բարդ գործընթացից։

Այս լավատեսական հնչերանգով էլ ավարտելով խոսքս, ուզում եմ շնորհավորել բոլորիդ մեր ազգային մեծագույն տոնի առթիվ եւ մաղթել