ԵԼՈՒՅԹ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ՝ ԱԶԳԱՅԻՆԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Սիրելի հայրենակիցներ, Վերջին օրերին հանրապետության առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական կացությունը նոր փորձության ենթարկվեց` կապված դրամաշրջանառության կազմալուծման եւ հիպերինֆլյացիայի նոր դրսեւորումների հետ։ Նման իրավիճակներ ստեղծվեցին բոլոր այն նորանկախ երկրներում, որտեղ դեռեւս պաշտոնական շրջանառության մեջ էին ԽՍՀՄ պետբանկի եւ ՌուսաստանիԴաշնության կենտրոնական բանկի 1961–1992 թթ. նմուշի դրամանիշերը։
Ձեզ քաջ հայտնի է, որ Հայաստանը նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների եւ Ռուսաստանի Դաշնության հետ դեռեւս այս տարվա սեպտեմբերին համաձայնագիր ստորագրեց միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ։ Ստորագրվեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի համաձայնագիր։
Միասնական ռուբլու գոտու ստեղծումը եւ դրա նկատմամբ մեր դիրքորոշումը թելադրված էր ինչպես ընթացիկ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, այնպես էլ երկարաժամկետ տնտեսական, սոցիալական, քաղաքական ու աշխարհաքաղաքական նկատառումներով։
Մենք արեցինք մեզանից կախված ամեն ինչ՝ միասնական ռուբլու գոտու ձեւավորման խնդիրը քաղաքակիրթ, փոխհամաձայնեցված քայլերով իրականացնելու համար։