ասել է, որ իր համար առանձնահատուկ հպարտություն էր իրեն մեծ տերության քաղաքացի զգալը։ Հայաստանի անկախության համար պայքարում ի՞նչ ազգային խնդիրներ էիք լուծում Դուք։
― Դուք դիպաք նշանակետին. այդ հարցը հայկական քաղաքական կյանքի ամենասուր բանավեճի առարկան է։ Իմ տեսակետը հետեւյալն է. հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է, ոչ լավ եւ ոչ էլ վատ մյուսներից, դրա համար էլ նա արժանի է ունենալ այն ամենը, ինչն ունեն այլ ժողովուրդներ, այդ թվում նաեւ իր պետականությունը։ Սակայն ես հստակ տարբերություն եմ տեսնում ժողովրդի եւ հասարակության միջեւ։ Իսկ այստեղ մենք ստիպված ենք խոստովանել, որ հայ հասարակությունը հեռու է կատարելությունից։ Պետականության ձեռքբերումն ինձ համար ինքնանպատակ չէ։ «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսում հենց առաջինն է ինձ ներկայանում որպես նպատակ, իսկ երկրորդը՝ ընդամենը որպես արժանի հասարակության կառուցման համար պարտադիր միջոց։ Դժվար չէ գլխի ընկնել, որ իմ դիրքորոշումը կատաղի քննադատության է արժանանում ազգային-հայրենասերների կողմից, որոնք հայ ժողովրդին վերագրում են գրեթե փրկչական նախասահմանում։ Իսկ ես օրգանապես չեմ ընդունում փրկչական ամբիցիաները՝ այն համարելով ֆաշիզմի հետ սահմանակցող՝ քաղաքականության ամենավտանգավոր գաղափարախոսականացում։
― Դուք ուսանել եք Պետերբուրգում, գիտեք Ռուսաստանը։ Ձեր երկիրը երբեք չի ձգտել կապերը վերջնականապես խզել Ռուսաստանի հետ, Դուք ամենասկզբից վճռականորեն հայտարարեցիք ԱՊՀ- ից դուրս չգալու մասին։ Եթե հաշվի չառնենք տնտեսական եւ քաղաքական նկատառումները (իսկ չէ՞ որ նախկին հանրապետությունների շատ ղեկավարներ «ռուսական ուժի» վախից դրանք էլ հաշվի չեն առնում), ի՞նչն է ձեզ ստիպում չտարանջատվել Ռուսաստանից, այլ գնալ նրա հետ մերձեցման։
― Անհամեստություն չհամարեք, եթե թույլ տամ ինքս ինձնից մեջբերում անել։ 1991 թվականի փետրվարի 28-ին ես ելույթ ունեցա մեր խորհրդարանի նիստում՝ առաջարկելով մերժել ԽՍՀՄ-ը պահպանելու գորբաչովյան հանրաքվեն, հիմնվելով հետեւյալ փաստարկների վրա. կայսրության փլուզումն անխուսափելի է, այն կախված չէ առանձին անհատ