Էջ:Ընտրանի.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մյուս ակնկալիքը վերաբերում է հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում Ակադեմիային եւ ընդհանրապես մտավորականությանը վերապահված դերին։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի խիստ բեւեռացումը իշխանություններին եւ ընդդիմությանը թելադրում են խաղի համապատասխան կանոններ, որոնք շատ հաճախ, մեղմ ասած, հեռու են բանականության եւ քաղաքակրթության տարրական պատկերացումներից։

Թեեւ ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում հաստատված է խոսքի լիակատար ազատություն, բայց նաեւ դժվար է չխոստովանել, որ հրապարակախոսության մեջ համարյա բացակայում է անաչառ վերլուծությունը, տեսական ընդհանրացումը, քննադատությունը. նկատի չունեմ, այսպես կոչված, առողջ կամ կառուցողական քննադատությունը։

Ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, Հայաստանում պաշտոնական եւ ընդդիմադիր ձայների կողքին համարյա չի լսվում երրորդ՝ հավասարակշռող, անկողմնակալ եւ կայունացնող ձայնը, որն իրավամբ պետք է պատկաներ մտավորականությանը, այդ թվում՝ ակադեմիական մտավորականությանը։

Իշխանությունների եւ ընդդիմության գործունեության անաչառ վերլուծությունը եւ քննադատությունը, մտավորականության սրբազան պարտքը լինելով, այսօր անչափ անհրաժեշտ են երկրի քաղաքական կայունության եւ քաղաքացիական համերաշխության ապահովման տեսակետից, մանավանդ, հանրապետության Սահմանադրության ընդունման եւ իշխանության մարմինների նոր ընտրությունների նախօրյակին։

Ավարտելով խոսքս, պարտք եմ համարում Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից մեծարանքի ու հարգանքի տուրք մատուցել հայկական գիտության բոլոր երախտավորներին, եւս մեկ անգամ հավաստել գիտական մտքի զարգացման գործում Ակադեմիայի բազմամյա ղեկավար, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի կատարած անգնահատելի դերը, հաջողություն մաղթել Ակադեմիայի ներկայիս պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանին՝ գիտության կազմակերպման դժվարին ու պատասխանատու բնագավառում եւ սրտանց շնորհավորել Ակադեմիայի բոլոր աշխատակիցներին այս նշանակալից տոնի առթիվ։