Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուն գիտակցության, որն, անշուշտ, կայուն եւ վերջնական խաղաղության հաստատման կարեւորագույն գրավականն է։

Ինչ վերաբերում է զինադադարի հետեւանքներին, ապա դրանցից գլխավորը հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացի վերականգնումն է՝ գործընթաց, որը նախորդ շրջանում, թվում էր, մտել է անելանելի փակուղի։

Սակայն նախքան բուն հարցին անդրադառնալը կուզեի, ձեր ներողամտությամբ, ինձ թույլ տալ օգտվել դիվանագիտության վերաբերյալ մի փոքր քնարական զեղում կատարելու գայթակղության հրաշալի պատեհությունից։ Ներկա հայ հասարակական մտքի անդաստանում դիվանագիտության նկատմամբ առկա է երկակի մոտեցում. մի կողմից՝ ծայրահեղ անտեսում կամ թերահավատություն, մյուս կողմից՝ բացարձակ գերագնահատում։ Եւ տարօրինակն այն է, որ այս իրարամերժ մոտեցումները շատ հաճախ դրսեւորվում են հանձինս միեւնույն մարդկանց կամ միեւնույն քաղաքական ուժերի։ Այսպես, նույն մարդիկ եւ նույն քաղաքական ուժերը, ովքեր ժխտելով դիվանագիտության ուղին, մերժելով հարցի միջազգայնացումը ԵԱՀԽ-ի կամ ՄԱԿ-ի շրջանակներում, պնդում են, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն ռազմական միջոցներով, միեւնույն ժամանակ առիթը բաց չեն թողնում խոցելու հանրապետության իշխանություններին, որ նրանք իբր ռազմական հաջողությունները չեն ամրապնդում դիվանագիտական նվաճումներով։ Ավելին, ասվում է նույնիսկ, որ դիվանագիտության ասպարեզում Հայաստանն անընդհատ պարտություններ է կրում, մոռացության տալով այն պարզ ճշմարտությունը, որ ռազմական հաջողությունները շատ հաճախ, զգալի չափով ինքնին պայմանավորված են լինում դիվանագիտական ձեռքբերումներով։

Սա կարող է բացատրվել ընդամենը երկու պատճառով՝ կա՛մ դիվանագիտության վերաբերյալ մեր ընդդիմախոսների թյուր պատկերացմամբ, կա՛մ իրականության խեղաթյուրման դիտավորությամբ։

Դժգոհության հիմնական առարկան Հայաստանի իշխանություններից հանգում է նրան, որ նրանք, ո՛վ սարսափ, փորձում են գաղտնի պահել իրենց դիվանագիտական քայլերը։ Ի դեպ, այստեղ կրկին մոռացության է տրվում մի այլ պարզ ճշմարտություն. դիվանագիտությունը երկրի քաղաքականության հենց այն բնագավառն է, որը մինչեւ որեւէ