Էջ:Ընտրանի.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճիշտ է՝ այս հարցերի շուրջ ավելի հարմար ու առարկայական կլիներ արտահայտվել խորհրդարանում Հանրապետության գլխավոր դատախազի եւ Գերագույն դատարանի նախագահի հաշվետվությունները լսելուց հետո, բայց, հաշտվելով այս անպատեհության հետ, կփորձեմ բավարարվել միայն ընդհանուր գնահատականներով։

Այստեղ դրված խնդիրների վերաբերյալ ես մեկ տարվա ընթացքում հրապարակել եմ երեք հրամանագիր։ Հիշեցնեմ՝ - 1993թ. դեկտեմբերի 15-ի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման եւ վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին», - 1994թ. հունվարի 14-ի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչության վերակառուցման մասին», - 1994թ. օգոստոսի 1-ի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»։

Այս հրամանագրերի մանրամասն մեկնաբանությունն ու գնահատականը ես տվել եմ իրավապահ մարմինների 1994 թ. օգոստոսի 5-ին կայացած հանրապետական խորհրդակցությունում արտասանած ընդարձակ ելույթում («Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1994 թ.), ուստի չէի կամենա ձեզ ձանձրացնել ավելորդ կրկնաբանությամբ։

Կարծում եմ, որ այդ հրամանագրերը, հստակեցնելով իրավապահ մարմինների ֆունկցիոնալ պարտականությունները, սահմանելով ստուգումների կազմակերպման եւ անցկացման կարգը, վերացնելով մակաբույծ վերահսկողական մարմինները, հիմնականում ծառայել են իրենց նպատակին եւ նպաստել ստվերային երեւույթների կանխարգելմանն ու պաշտոնեական չարաշահումների սահմանափակմանը։

Ի լրացումն նշվածների, առաջիկայում կհրապարակվի Հանրապետության Նախագահի եւս երկու հրամանագիր՝ նվիրված կազմակերպված հանցագործությունների եւ անօրինական լարանցումների դեմ պայքարի միջոցառումներին։