Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
* * *

Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատման տեսակետից 1990–1995 թթ. ժամանակահատվածում պետք է նկատի ունենալ իրարից հստակ տարբերվող երեք փուլ.

1. Տնտեսության գահավիժման փուլ, որն ընդգրկում է 1990թ. հունվարից մինչեւ 1993 թ. նոյեմբերն ընկած ժամանակաշրջանը, այսինքն՝ մինչեւ Խորհրդային Միության՝ որպես տնտեսական համակարգի կազմալուծումը, որը խորհրդանշվեց միասնական ռուբլու գոտու քայքայմամբ եւ ազգային դրամների ներդրումով։

2. Տնտեսության կայունացման փուլ, որը տեւեց 1993թ. նոյեմբերից մինչեւ 1994 թ. դեկտեմբերը, երբ բացառապես հանրապետության ներքին ռեսուրսների եւ հումանիտար օգնության շնորհիվ հաջողվեց կասեցնել տնտեսության հետագա անկումը, մեղմացնել սղաճը եւ կայունացնել ազգային դրամը։

3. Տնտեսության վերելքի փուլ՝ սկսված 1994թ. դեկտեմբերի 1-ից՝ հանրապետության կառավարության եւ Միջազգային արժութային հիմնադրամի մշակած մակրոտնտեսական հավասարակշռության վերականգնման եւ տնտեսության զարգացման նախադրյալների ստեղծման համատեղ ծրագրի հիման վրա։

Ի դեպ, այս պարբերաբաժանումը լիովին հաստատվում է ոչ միայն վերլուծական տվյալներով, այլ նաեւ Հայաստանի տնտեսության դինամիկայի թվային ցուցանիշներով։ Ես ամենեւին չեմ պատրաստվում ձեզ ծանրաբեռնել մակրոտնտեսական կամ վիճակագրական տվյալներով, որոնք գուցեեւ հասկանալի են մասնագետներին, բայց հասարակ մահկանացուների համար չինական հիերոգլիֆներից չեն տարբերվում։

Կան, սակայն, մի քանի պարզ, բոլորին հասկանալի ցուցանիշներ, որոնք լիակատար պատկերացում կարող են տալ իրերի իրական վիճակի մասին։ Բավարարվենք մի քանիսով։

- Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները 1993թվականին կազմել են 44 մլն, 1994 թվականին՝ 94 մլն, իսկ 1995-ին՝ 216 մլն դոլար, այսինքն՝ բյուջեի եկամտային մասը երեք տարվա ընթացքում աճել է 4,9 անգամ։ Բյուջեի հարկային մուտքերը 1993 թվականին կազմել են 23 մլն, իսկ 1994 եւ 1995