Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրականի հետ մեկտեղ, հարկ եմ համարում նաեւ նշել այն բոլոր հիմնական թերացումներն ու սխալները, որոնք անցյալ տարիների ընթացքում թույլ են տվել Հայաստանի ներկա իշխանությունները։ Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարելի է գտնել թերացումների ու սխալների տրամաբանական բացատրություններ կամ արդարացումներ, սակայն ես կխուսափեմ նման մոտեցումից, բավարարվելով միայն չոր փաստերով։

Առաջին լուրջ սխալը, որն ունեցավ չափազանց ծանր հետեւանքներ, ես համարում եմ ազգային դրամի ներդրման հարցում մեր դրսեւորած հապաղումը 1993 թվականին։ Ճիշտ է՝ այդ հապաղումն ուներ ծանրակշիռ քաղաքական պատճառ, այն է՝ վտանգի չենթարկել Հայաստանը՝ ռուբլու գոտու քայքայման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողը լինելու մեղադրանքով, բայց հետին հաշվարկով, կարծում եմ, մենք պարտավոր էինք գործել ավելի համարձակ։ Դրանով եթե անգամ չկարողանայինք խուսափել 1993 թ. Աշնանն արձանագրված անկառավարելի արժեզրկումից, ապա, անկասկած, գոնե զգալիորեն կմեղմեինք այն։

Երկրորդ սխալն, իմ կարծիքով, սեփականաշնորհման գործընթացի դանդաղեցումը, իսկ ավելի խիստ արտահայտված՝ ըստ էության նրա կասեցումն էր 1993–1994 թվականների ընթացքում։ Այստեղ նույնպես, ցանկության դեպքում, կարելի է փնտրել եւ գտնել բազում բացատրություններ, բայց արդարացում չեմ տեսնում։ Սեփականաշնորհման գործընթացի դանդաղեցումն, իմ խորին համոզմամբ, առնվազն մեկ տարով ետ գցեց տնտեսական բարեփոխումների իրականացումը Հայաստանում։ Չեմ կարող չնշել նաեւ սեփականաշնորհվող օբյեկտների գնահատման մեթոդիկայում եւ սեփականաշնորհման պրակտիկայում տեղ գտած լուրջ թերությունները, որոնք հասարակության մեջ տեղիք են տալիս ավելորդ կասկածների եւ ասեկոսեների։

Իշխանությունների երրորդ լուրջ թերացումը, եթե կուզեք՝ սխալը, անցած տարիներին իրավապահ եւ տնտեսական վերահսկողական մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ պահանջկոտության անտեսումն էր։ Ոչ ոք չի կարող հերքել, իհարկե, հարկային տեսչության, մաքսային վարչության, ներքին գործերի նախարարության, դատախազության եւ դատարանական համակարգերում տարածված