Էջ:Ընտրանի.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


―Դժբախտաբար, դեռեւս ոչ։ Զինադադարը պահպանվում է բացառապես հակամարտող կողմերի բարի կամքի շնորհիվ, կամ, եթե կնախընտրեք՝ պատերազմից նրանց հոգնածության պատճառով։ Երկուսուկես տարվա ընթացքում միջազգային հանրությունը չի կատարել որեւէ գործնական քայլ զինադադարի ամրապնդման ուղղությամբ։ Չկան խաղաղարար ուժեր, չկան միջազգային դիտորդներ, ԵԱՀԿ-ն Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում չունի անգամ մշտական ներկայացուցիչներ։

Սա վտանգավոր իրավիճակ է։ Ես կարող եմ միանգամայն երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի խախտի զինադադարը։ Սակայն ստիպված եմ նաեւ ցավով նշել, որ այն պահին, երբ Ադրբեջանն զգա իր ռազմական գերակշռությունը, նա անմիջապես կվերսկսի պատերազմական գործողությունները։

― 1996 թվականի նոյեմբերին, ԵԱՀԿ գագաթնաժողովում, Ղարաբաղի հարցում Դուք պաշտպանեցիք ինքնորոշման սկզբունքը՝ ի հակակշիռ տարածքային ամբողջականության, որին հակված է միջազգային հանրությունը։ Ի՞նչ եք կարծում, ինքնորոշման սկզբունքը կարո՞ղ է հաշվի առնվել հակամարտության կարգավորման հիմքերում։

― Լիսաբոնի գագաթնաժողովում Հայաստանը մերժեց ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկած բանաձեւը հետեւյալ նկատառումներով։

Բանաձեւը կանխորոշում է Ղարաբաղի կարգավիճակը, որը հակասում է ԵԱՀԿ նախորդ որոշումներին, որոնց համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսում։

Բանաձեւը հիերարխիա է սահմանում տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման հավասարազոր սկզբունքների միջեւ, եւ մենք, լինելով հինգ տարվա պետություն, մեզ միամտություն ենք թույլ տալիս դա դիտելու որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Եւ վերջապես, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը բխում է ոչ թե պարզ ազգային ամբիցիայից, այլ այն հստակ գիտակցությունից, որ առաջարկված լուծման դեպքում Ղարաբաղի հայության գլխին մշտապես կախված է լինելու ցեղասպանության վտանգը։ Հայ ժողովուրդն այս դարում արդեն մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության։ Երկրորդ ցեղասպանություն նա չի հանդուրժի։