Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դեմոկրատիայի առկայության դեպքում կբացառվեին ստալինյան բռնապետության սանձազերծած զանգվածային ոճրագործություններն ու անմարդկային հալածանքները։

Դեմոկրատիայի առկայության դեպքում աներեւակայելի կլիներ կոմունիզմի գաղափարակիրների լուսապսակով զարդարված բրեժնեւյան մաֆիայի՝ սուսլովների, ռոմանովների, ալիեւների, ռաշիդովների, գրոմիկոների, դեմիրճյանների գործունեությունը։

Դեմոկրատիայի առկայության դեպքում դժվար թե հանդուրժելի լիներ գաղութային բռնապետության այն ահավոր լուծը, որ փաթաթված է Հայաստանի վզին։

Եւ վերջապես, դեմոկրատիայի առկայության դեպքում բացառված կլինեին այսպես կոչված «վերակառուցման» ջատագովների ձեռնարկած ահաբեկչական գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ եւ նրա իրավունքների լկտի ոտնահարումը։

Ահա սրանք են այն իրողությունները, որոնք ակնհայտ են դարձնում Հայաստանում արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունը։

Այսօր միայն դեմոկրատիան է, որ ի վիճակի է ժողովրդական զանգվածների ահռելի քաղաքական ակտիվությունը մղելու դեպի ստեղծագործ, շինարար աշխատանքը, դեպի մեր հասարակության իրական վերակառուցումը, դեպի Հայաստանի քայքայված տնտեսության վերականգնումը, դեպի արգահատելի բարքերի մաքրումը եւ բարոյական սկզբունքների հաստատումը։

Այսօր միայն դեմոկրատիան է, որ կարող է հայ ժողովրդի համար կայուն երաշխիքներ ապահովել կենտրոնական իշխանությունների կամայականություններից եւ երկրի քաղաքական անցողիկ ելեւէջներից։ Այսօր միայն դեմոկրատիան է, որ մեր ժողովրդի հարստահարված զանգվածներին կարող է ազատել կուսակցական-պետական բյուրոկրատիայի քմահաճույքներից ու ոտնձգություններից։

Այս ամենով հանդերձ, արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացումն այսօր վճռորոշ նշանակություն ունի նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման խնդրի լուծման գործնական տեսակետից։