Այս պնդումներն այնքան ծանրակշիռ են թվում, որ կարծում եմ, անհրաժեշտ է մեկ առ մեկ անդրադառնալ դրանց։
Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված վիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական զարգացման վրա մի շարք առումներով։
Առաջին. Շրջափակումը շուրջ 30 տոկոսով թանկացնում է Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, որ ինքնին արդեն ահավոր բեռ է թե՛ մեր արդյունաբերողների, թե՛ գործարարների համար։ Այս թիվը ոչ մտացածին է, ոչ էլ ենթադրություն, այլ լուրջ տնտեսական հաշվարկի արդյունք։ Դրանում դուք կհամոզվեք, կարդալով ՀՀ տրանսպորտի նախարարության ներկայացրած ծավալուն ուսումնասիրությունը եւ Համաշխարհային բանկի տեղեկանքը, որոնք պատրաստվել են իմ խնդրանքով, հատուկ այս նիստի համար։ Իսկ եթե չեք հավատում նաեւ այս փաստաթղթերին, ապա մտեք ցանկացած գործարան, ցանկացած շինհրապարակ, ցանկացած խանութ եւ հարցրեք, թե որքանով է շրջափակումն ազդում նրանց գործունեության վրա։
Շրջափակումը հատկապես խոչընդոտում է մեծածավալ ապրանքների արտահանմանը։ Թերեւս զարմանալի թվա, եթե ասեմ, որ այս պահին մենք ունենք շուրջ 1 միլիարդ դոլարի ապրանքներ, որոնց արտահանումը չենք կարողանում իրականացնել նրանց մեծ բեռնատարողության պատճառով։ Դրանք են՝ մոլիբդենի հանքաքարը, շինանյութը, բենտոնիտը, պերլիտները եւ գինին (մոլիբդենի խտանյութի ու կոնյակի փոխադրումն ինքնաթիռներով դեռ ինչ-որ կերպ արդարացվում է)։ էլ չեմ խոսում «Նաիրիտի» մասին, որի շահութաբեր աշխատանքի համար պահանջվում է, որ օրական մեկ գնացք մտնի, մեկ գնացք դուրս գա գործարանից։
Անշուշտ, մեր բեռը զգալիորեն կթեթեւանար, եթե վերագործարկվեր թեկուզ միայն աբխազական երկաթուղին, որի խափանումը կապված չէ ղարաբաղյան հակամարտության հետ։ Հայաստանը եւ Ռուսաստանը զգալի ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ, բայց դրանք քաղաքական նկատառումներով պատշաճ արձագանքի չեն արժանացել Վրաստանի կողմից։ Ուստի նկատի ունենալով այդ դառը փորձառությունը, ինչպես նաեւ վրաց-աբխազական հարաբերությունների շարու