Էջ:Ընտրանի.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նյակ ու հարյուրավոր ապացույցներով, սակայն բավարարվենք մի քանի օրինակով, եւ համոզիչ լինելու համար դիմենք վկայակոչումների։

Արդեն 1990 թ. սեպտեմբերին, հանրապետության ղեկավարի պարտականություններն ստանձնելուց ընդամենը մեկ ամիս անց, Լեւոն Տեր-Պետրոսյանն արձանագրում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար կարող է լինել երկու հնարավոր ռազմավարություն՝ առճակատման եւ փոխզիջումների։ Նա չէր ժխտում, որ մինչ այդ առճակատման ռազմավարությունը լուրջ հաջողությունների հանգեցրել է, սակայն համարում էր, որ նոր իրողությունների պայմաններում այն այլեւս իրեն սպառել է, որ նույն կերպ շարունակելն այլեւս նոր արդյունքներ չի բերի։ Եւ առաջարկում էր փորձարկել երկրորդ՝ դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու ճանապարհը. «Առճակատման փուլին, երբ կողմերը տեսնում են, որ այն հանգեցնում է ճգնաժամի, բոլոր նմանատիպ հակամարտությունների դեպքում, հետեւում է մի նոր ռազմավարություն՝ համաձայնության եզրերի որոնում։ Դա միանգամայն բնական է քաղաքականության մեջ» (տե՛ս էջ 137)։Եւ համոզված առաջարկում էր որոշակի ծրագիր ու քայլեր։ Խոսքն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի խնդրից նահանջելուն չէր վերաբերում, այլ նրա լուծման նոր մեթոդներ եւ նոր ուղիներ փնտրելուն։ Նա համարում էր, որ դա է ճիշտ ու հեռանկարային ճանապարհը։ Իսկ խնդիրը մնում էր նույնը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ իր հողում խաղաղ ու անվտանգ ապրելու ու ազատ զարգանալու հնարավորության եւ երաշխիքների ապահովումը. «Մեզ համար այսօր ամենակարեւորն այն է, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության գոյությունն Արցախում» (տե՛ս էջ 121)։

1992 թվականին, երբ դեռ անհայտ էր, թե ընթացող պատերազմում ո՞ւմ կուղեկցեն վերջնական հաջողությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն հրապարակավ շարունակում էր պաշտպանել փոխզիջումների հիման վրա խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքը, այլեւ արդեն վերջնական եզրակացության էր եկել դրա իրականացման մեթոդաբանության հարցում, համարելով, որ դա հնարավոր է փուլային տարբերակով. «Դուք գիտեք, աշխարհում նմանատիպ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ բանակցությունները նույնիսկ տասնյակ տարիներ են տեւում։ Գլխավորն այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է եւ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տնտեսական-քաղաքական միավորի, նորմալ կենսագործունեությունը։ Եթե սրանք ապահովվեն, մնացած