Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաեւ հիշյալ մեղադրանքների հեղինակների, երեւակայությունը գերազանցող՝ «թույլատրվածի սահմանի անցման» օրինակները, ինչի հետեւանքով էլ արձանագրվել է իրական գործ, հաջողություն, հաղթանակ[1]։

Լեւոն Տեր-Պետրոսյանը սենտիմենտալ չէ, զերծ է նախապաշարումներից, սառնասիրտ։ Նրա համար իրատես քաղաքականության սկզբունքն ակնհայտորեն եղել է ամենակարեւորը, որին նա երբեւէ չի դավաճանել։ Նրա քաղաքական կենսագրության մեջ այս հիմքի վրա բազմաթիվ համարձակ ու արդյունավետ քայլեր կարելի է հիշել ինչպես Շարժման տարիներից, այնպես էլ իշխանության շրջանից՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Նրան հաջողվեց ստեղծել հայ–ռուսական եւ հայ–իրանական փոխշահավետ հարաբերություններ եւ դա ծառայեցնել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովմանը։ Հայ–ռուսական զինական դաշինքը եւ հարաբերությունները (ինչի մասին այդքան շատ է խոսվում վերջին 300 տարվա համար) առաջին անգամ նրա շնորհիվ ու նրա ղեկավարման տարիներին է, որ իրական բովանդակություն ձեռք բերեցին՝ ժողովրդի եւ պետության, ստորակայի ու գերակայի հարաբերություններից վերածվելով երկու հավասարազոր պետական սուբյեկտների միջեւ գործընկերային հարաբերության։

Քաղաքական հաշվարկի ու քաղաքական կանխատեսման արվեստի տիրապետման շնորհիվ նրա կանխատեսումները ճշգրիտ էին եւ քննություն էին բռնում նաեւ միջազգային ու աշխարհաքաղաքական հարցերում։ Այսպես, 1991 թ. օգոստոսյան «պուտչի» տապալումից անմիջապես հետո, երբ շատերը, եւ ոչ միայն ԽՍՀՄ-ում, դեռ վերջնական էին կողմնորոշվում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը միակն էր,

  1. Ցայտուն արտահայտվող այս հատկանիշը շատերի կողմից է նկատվել ու գնահատվել։ Որպես օրինակ նշենք Մոսկվայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ֆելիքս Մամիկոնյանի մի արձանագրումը (1995 թ.). «Անցյալի Ձեր գործունեությունը, հիրավի, Ձեզ հպարտանալու իրավունք է տալիս, եւ Պատմությունն է, որ, համոզված եմ, լիուլի կփոխհատուցի Ձեզ։ Այստեղ՝ որպես ականատես կարող եմ վկայակոչել այն բախտորոշ րոպեները, երբ Ձեր վճռականությունից ու հաստատակամությունից մեծապես կախված էր մեր ժողովրդի ընտրած ուղու ճակատագիրը, եւ թե ինչպես Դուք գտնում էիք առաջին հայացքից ոչ ակնհայտ, բայց միակ հնարավոր լուծումը։ Շատերը Ձեզ հաճախ չէին հասկանում, բայց Դուք խիզախություն ունեցաք հավատարիմ մնալ Ձեր ընտրած ճանապարհին» (ՀՀԱՆԱ, 03/09.01.1995)։