Էջ:Ընտրանի.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առջեւից գնացողի կամ նրա կողմից քշվողի, այլ՝ հոսանքն ուղղորդողի, այն առաջնորդողի, երբեմն՝ սանձողի, նրան ցանկալի ընթացք թելադրողի։ Իշխանությունը պետական գործչի համար ոչ թե նպատակ է, այլ միայն միջոց՝ իրականացնելու երկրի ընթացքն այն ճանապարհով, որն առավել արդյունավետ կարող է լուծել երկրի անվտանգության ու ժողովրդի արժանապատիվ ու բարգավաճ կյանքով ապրելու խնդիրները։

Քաղաքական գործիչներին սովորաբար մեղադրում են այն բանի մեջ, որ նրանք, շահելու համար հասարակության համակրանքը, անիրականանալի խոստումներ են տալիս, այլ խոսքով՝ փաստորեն խաբում մարդկանց։ Մինչդեռ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ նա խուսափում էր նման խոստումներից։ Բայց դա նրա համար կարեւոր սկզբունք էր ընդհանրապես. «…ես միանգամայն հեռու եմ մեր ժողովրդին հրաշքներ խոստանալու անհեթեթ մտքից։ Ես երբեւէ սովորություն չեմ ունեցել դատարկ խոստումներ տալ եւ այսուհետեւ էլ պատասխանատվության խորին զգացումով կտրականապես հրաժարվում եմ խոստումներից, հրաշքների գուշակումից։ Ես մշտապես ձգտել եմ իմ եւ ժողովրդի առջեւ դնել թեկուզ փոքր, բայց միանգամայն իրականանալի խնդիրներ» (տե՛ս էջ259)։ Իշխանությունը պահպանելու կամ ամրապնդելու համար նա երբեւէ չտրվեց ամբոխահաճ խոստումների, որոշ ումների ու գործողությունների գայթակղությանը, իսկ սոցիալական դեմագոգիան համարում էր ամենավտանգավորը. «Սոցիալական դեմագոգիան առաջին հայացքից անմեղ բան է թվում, բայց դրա հետեւանքը ֆաշիզմն է կամ անարխիան» (տե՛ս էջ 528–529)։

Որպես պետական գործիչ նա իր սկզբունքները պահպանելու եւ ծրագրերն իրականացնելու համար երբեւէ չի խորշել ամբոխահաճ տրամադրություններին ու պատկերացումներին դեմ գնալով՝ իր վարկը վտանգելուց, ինչը կարող էր նրա իշխանության տարիների բազմաթիվ դժվարին դրվագներում նաեւ հանգեցնել իշխանության կորստյան։ Ոչ միայն իրավիճակը ճիշտ գնահատելու քաղաքական հոտառություն, այլ հենց պետական գործչի խիզախություն էր անհրաժեշտ՝իշխանության գալուց ընդամենը մեկ ամիս անց հանդես գալ Լեռնային Ղարաբաղի խնդրում, թերեւս բոլորի պատկերացումներին հակադրվող, նոր ծրագրով՝ առճակատման երկուսուկեսամյա քաղաքականությունից անցում կատարել փոխզիջումների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական նոր ռազմավարության, վստահ, որ դա է ճիշտ ճանապարհը. դրան հասնելու համար