Ինչպիսին էլ լինի այսօր վերաբերմունքը նրա նկատմամբ, դա ճակատագիր է, որ հատուկ է բոլոր պետական գործիչներին, որոնք գտնվել եւ գործել են կարեւորագույն պատմական հանգույցներում։ Էականն այն է, որ պատմության մեջ նա մնալու եւ գնահատվելու է իր գործունեության մնայուն արդյունքներով, որպես գործիչ, որի օրոք՝
ա) Հայաստանը վերականգնել է իր անկախությունը, կայացել որպես ինքնուրույն պետություն, ունեցել իր Սահմանադրությունը.
բ) Հայ ժողովուրդը տարել է զինական հաղթանակներ եւ ազատագրել Ղարաբաղը.
գ) Հայաստանում դրվել են ժողովրդավարության հիմքերը.
դ) Հայաստանը որդեգրել է ազատ շուկայական հարաբերությունները.
ե) Հայ իրականության մեջ ներդրվել ու կենսագործվել է իրատես քաղաքականության սկզբունքը։
Այս ցանկը դեռ կարող էր շարունակվել…
Այս ցանկը դեռ կարող է շարունակվել, եւ չպետք է ապավինել պատմության ինքնանպատակ գնահատականին ու մխիթարվել դրանով։ Դարաշրջանը, որ սկսվել է 1988-ից եւ անխզելիորեն կապված է իր առաջնորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան հետ, 1998-ին ոչ թե ավարտվել, այլ հեղաշրջման միջոցով կասեցվել է։ Հազարամյա ընդմիջումից հետո իր պետական անկախությունը նվաճած ժողովուրդը չի կարող չվերադառնալ այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք ապահովում են նրա պատմության անխաթար ընթացքն ու ապագան։ Արժեքներ եւ սկզբունքներ, որոնցով նա առաջնորդվել է մի ամբողջ տասնամյակ ու տեսել դրանց արդյունքները։ Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ անպայման մնալու է նաեւ իր ընտրած ճանապարհի շարունակականությամբ։
Իսկ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահը բոլորել է ընդամենը իր 60-ամյակը, որ համարվում է պետական գործիչների սովորական միջին տարիք եւ ուժերի ծաղկման շրջան։