Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանուխ լուսաբացին ալ անկե դարձած ականատեսի մը ստույգ մանրամասնություններովը պիտի պատմեր բաները։

Հոն, այնինչ կողմ, այնինչ կանանչ առվակը նույն կմնա եղեր, որ ցամքած չէ տակավին, գեղին մեջտեղը Փիլոյենց խաչը (ուխտատեղի) ավերակներու տակ խեղդված, ս. Դավթի ալ գեղեն դուրս՝ լքված ուխտատեղի մը մնալը կողբար։ Այսպես իր կարգին Կարմիր եկեղեցիին վրա կըսեր բաներ մը, անոր մոտերը այն պատմական Ավագը տեսած կըլլար, որ աղբյուրի աղջկան հեքիաթը գիտե։

Աղբյուրի այն սիրուն պայիկը պիտի գրեմ ուրիշ անգամ, թե ինչպես ան Թլկատինցի աղջիկներեն տոնված նահատակուհի մը կմնա ամեն տարի տափի ու ծափի աղմուկներով։

Գիշերվան մը ճամփորդությունով դեպի գեղը, անկե անվերջ, բայց շատ շահեկան հուշքեր մը կբերեր, որոնց սկիզբը մինչև իր հարսնության օրերու երջանիկ առավոտը կըլլար։ Առավոտը զատիկին, որ ատեն իր գյուղացի կնկան մը զարդեղեններուն պեսպիսությունովը գեղեցկացած՝ թռչկոտ վազքով մը զատիկի պարին կերթար ու անպատճառ ինք պիտի ըլլար պարերգին առաջնորդող երգիչը։ Իր ձայնին, այնքան զմայլելի իր ձայնին հմայքով, երբ քներգ մը կամ պարերգ մը կըլլար սկսածը, ըսածը, օձերն ալ նույն ատեն իրենց ծակերեն դուրս՝ մտիկ ընելու կելլային։

Մա՛յր, բոլոր ասոնք ու աս պատմածներուդ ամենահետին մանրամասնություններն ալ միտքս են տակավին, որոնք տունին պզտիկներն ալ չեն մոռցեր ու անոնք մեկ-մեկ սորվեցուցած աղոթքիդ պես կհիշեն, բայց՝ քանի որ կըսեմ, միայն գիշեր մը ճամփորդելով, այնքան մը տեղեկություններ կբերեին դեղեն, որ այնքան հեռու կմնար մեզմե, հիմա ալ պահ մը վեր ա՛ռ գլուխդ ու ըսե՛ ինծի, ի՞նչ կա անդին։— Ի՞նչ ունիս գերեզմանեն, որ հունա այնքան ալ մեր մոտը կգտնվի։ Ըսե՛, Մայր, վստահ եղիր, որ չպիտի մերժեմ լսել, երբեք չպիտի ձանձրանամ ըսելիքներեդ։ Երազներուդ պես արդյոք գերեզմանեն անդիիններն ալ նորեն ճշմարիտ իրականություննե՞ր պիտի հռչակես, թե բացարձակ ոչնչություն պիտի ըսես պարզապես։ Հարցուկի մը պատկառոտ սարսռանքներուն մեջ ու միշտ անհուն կարևորությունով մը պիտի լսեի քեզ, Մա՛յր, ո՞րն է երազը, աս արևի՞նը, թե վաղվան ստվերներուն կյանքը, որուն դուն ամիսներե ի վեր սկսվածքն ըրեր՝ դեռ մեզի բան չես ապսպրած,