Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռք մը թաշկինակով ծածկելու փորձն եղած: Բայց վերջապես ինքն ալ ընդունած ու հավտըցած է, որ հասարակաց խղճին ու քմայքին մնացած մեկն է, մուրացիկ մը ըսվել կուզվի, որ պիտի տանե, որ պիտի կլլե, որ պիտի մարսե ինչ որ այդ հասարակություն ըսվածը կամք ընե, բան մըն ալ իրեն բաժին հանե:

Հագնի չի հագնի, կամ ուտե ալ չուտե ալ, աս է իր հոգածին տեսակն ու ամբողջությունը, հացն ալ, ան չոր հացը միայն, որ կուտան իրեն, չէ այն բարությունով, որ մարդը ապրի, կուտան որ՝ ամպերեն անդին Հիսուս Քրիստոսի մայրը՝ մեր բոլորիս ալ մայրիկը, հացթուխ տանտիկին մը եղած է քընծոր, ասկե բրդոնին փոխարեն, հարյուրապատիկ մը խլեն, զգալ մը փիլավն ալ հարկավ զատ պահանջ։ Բուիկ այս վիճակով ամառեն ձմեռը կճամփորդե, ձյունը կտափնե բոբիկ ոտքովը, ձյունը երեսին ու կուրծքին վրա կհալի միշտ, ու անգամ մըն ալ դեպի ամառը, այդ ոտքերը անգամ մըն ալ ամրան լույծ փոշիին միջեն կքաշքշե, այդ փոշին լույծ ու տաք ալ, որ գիտեք, թե հավկիթը կխաշե և որուն խշխիշ տաքին, կըսեն ուղտին ներբանն ալ չի դիմանար։

Բայց ա՛լ ինչպե՞ս, ինչո՞վ պիտի ապրեր, ատի հեղ մըն ալ իրեն հարցնեիք։ Տարիքը իրավ որ տարիքն է ան հինօրի ուռենիին, որ ճամփուն վրա, հոն իր աղկաղկ, նիհարուկ ոստերովը ճուկ–ճուկ կըլլի ու կգերեկնա հովերուն, որ ա՛լ չի մոտենան իրեն, վերջին տերև մը, մորճ մը գոնե գոյության նշան թողուն։

Տարիներու այս բեռին տակ, ութսունն անցուկ շատունց, հարյուրին մոտեցած՝ մազ, մորուք, ունքերն ու մինչև աչքին թարթիչները բոց պիտակը հագած կերևան ալ։ Չի լսեր շատ, աչքին մեկըն ալ վրա տված այն դեպքով, որ օր մը, մութին մեջեն, իր խըշտին գտնելու խարխափը կընե, ցիցի մը կզարնվի, աջ աչքը պիտի ըլլա, այդ պահուն խաղողի պտուղի մը պես կպատռի։

Այդ մարմինին, սակայն, կյանքը այդ ցավերով զմուռը դնող, ապրողին համար, մեկ աչքն ալ բավական չէ՞ր կըսեք, երկուքով ի՛նչ ուներ տեսնելիք, աշխարհք, մարդիկ ի՞նչ համ բերին իր բերնին, հոգուն որոնց անուշ տեսքեն չուզեր անցնիլ, ատ արևն ալ աղե՞կ կընե, որ ո՛ւր երկննա, հոն լույս ու շարվեղ կմեյնե, շատ անգամ ինչ պետք կար սա արև ցորեկին ու ան լուսիկ գիշերին։