Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անպատճառ իր երկրեն տարված մը պիտի ըլլի եղեր։ Մայր կամ ազգականուհի, անգամ մըն ալ ան իրենցինին լուսանկարը քշելով ձեոքը աղջկան տերերուն, տարիքն ալ կավելցնե, քսանութը անցուկ՝ բայց դեռ քսանինը չըսվիր: Թոսունի պես ճահիլ մը, որ իր պոսին աչքին լույսն է եղեր…

Պատկերին տղան, այն որ ութը, ինը տարի առաջ, աս տեղեն գնալու առույգ օրերու լուսանկարն է եղեր խրկածը անամոթ խորամանկությունով մը, իրավ որ հենց առաջին հարվածով քիչ շլացուցիչ չերևար։ Այն ինչ պերճանք է, որ մեկ թևին վրա քոթն ու քեբը կկրե, մյուս ձեռքն ալ սիրուն գավազան մը բռնած՝ փարթամի հով մը ունի, սքանչելի է, նայողին մինչև ըղունկներուն ծայրը անուշ սարսռունք մը կխաղա, ճակտին վրա գանգուրի սև փունջ մը ցնորեցուցիչ ոլորքով, կնոջական քնքշանք մը տվեր է դեմքին, որը կտրիճ առնականության մը գիծերն ալ միացնելով, մեռելին կուրծքին տակ ալ կրնա հանկարծ փոթորիկ մը հովել: Ու դեռ գեղեցիկ՝ ո՛րը չէ. աղվոր ինչ բանը չէ տղային։ Ձախ սրունքին բացվածքը հավակնոտ դիրքի մը մեջ, միայն աս երևույթը ասպետի կեցվածքով՝ ինքնին բավական պիտի ըլլար, որ զառամ պառավի մը հոգին անգամ զգալ մը կարագի պես հալեցներ: Թե այն ասպետը սակայն, պատկերին այն լորտ-ասպետը, իր այն չի տեսնված շքեղանքին մեջ, մեր երբեմնի Իսպիրենց Բիբի-Թումիկն է եղեր, որ հոս իր ոտքը կաղալու օրերուն, ճարը հատած՝ իր դարձիկ քիթը կքակեր ու կգործածեր, իրիկունն ալ սպառելով, որ փողոցը վարունգի կեղևներ ըլլային իր սնունդը, հիմա կըսենք, ատ չէր խնդիրը: Ան ատեն մարդերն ու բաները ինչ որ ըլլային, մեզ համար պատկերին լորտն է, ճենթըլմենն է խոսեցնողը: Այսպես հետզհետե աղջկան տիրուն լեզուն թմբուկը թողած ալ կարծես դըմպլիկ կզարնե հիմա, հավաներ են, աղջիկը երևան կելլե, անոր պոյին պոսին հետ, ակնարկ մը անոր աչքին ունքին վրա կպտտեցնեն, տարիքը կհասկնան, մազերուն հյուսքն ու հանկորցները կչափչփեն, երկու կողմերն ալ կատարյալ հասկացողության մեջ, մյուս օրը ահա հարսնացուին կուրծքը խաթ-խաթ ոսկիներու տակ՝ գեղին դեմ, քաղքին դեմ, բոլորին աչքը քիչ մըն ալ նախանձի խոստուկով լայն բացված իր վրա կպահե: Աղջկան ալ ուզա՞ծն էր ան եղած լմնցածը. - Ծնողքը քանի որ առաջին հավանողները եղած էին, անոր ո՞վ խոսք պիտի ձգեր: Կարթը ոսկի ըլլալու եզականությունովը՝ շատ անգամ նույնիսկ ծնողքներ իրենք են, որ զայն իրենց զավակներուն կուրծքին