Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայրկենապես աղջիկը եկեղեցի առաջնորդող այն մայրն իր ցավին ահագնությանը մեջ, միտքս շատ ավելի այն ճամփորդ աղջկան վրա կպահեմ։ Ամերիկա խրկվելիք հարսնցու մըն է եղեր։

Կհասկնամ վերջապես թե` այն աղջիկն ալ իր կարգին կեռի մը բռնված ըլալու դեպքովն է, որ ճամփա ելեր է ու կերթա, որ հոն անծանոթ հեռավորության մը վրա իր պատրանքին մեջ խեղդվի։

Ամիս մը, ամիս ու կես անցնելե ետքը, երբ լեռներուն շարքը հատնի, երր իր 16-17 տարեկան աղջկա ծիրանի անուրջներովը օրորուն, կապույտ ջուրերեն անդին, նոր եզերք մը կոխե, երբ հոն երկինքեն նայի ու ալ իրենց երդիքին արևն ալ չտեսնե, խեղճ աղջիկը, մտածել վայրկյան մը թե՝ ինչպես հանկարծ ինքզինք իր ամբողջության մեջ շանթահարված պիտի զգա, հոն ծովափին վրա մեկը տեսնելով, որ իրեն ձեռք կկարկառե։ Տարիքը քառասունի մոտ ձախավեր դեմք մը, փոսն ինկած աչքերով երիտասարդ մը, որ ուղտի սապատ ունի, տասը տարի առաջ ծերացած ու մաշած գործավոր մը, ու ոչինչ ավելի։

Ծովափը իր նշանածը դիմավորելու եկած է։ Աղջիկը իրմե առաջ հասնող իր լուսանկարին իսկական նմանությունը՝ ճիշտ նույն հրեշտակն է ապահովապես, որը դեռ կրնա ծովերեն ծնած պաշտելի նայադ մըն ալ ըսվիլ. անամոթը, ի՞նք հապա — Այն աղջիկն ալ հիմա իրավունք չունե՞ր, որ բուն իսկ պատկերին տղուն կամ անոր պես մը որոշեր փնտռել։

1905


ԻՆՉՊԵ՞Ս ԿՆՊԱՍՏԵՆ

Ա

Քահանան.— Սիրելի ժողովուրդ, հայտնի է ձեր աստվածասիրության թե` մեր եկեղեցին ու դպրոցը մեր նվերովը շեն կմնան, ուրիշներուն պես ուրիշ եկամուտ չունեինք, ուրիշները (միսիոնարն ու բաթերան) հազիվ իրենց համար կբավականանան ու անոնք հազիվ կընդունին, որ մենք ալ գոյության իրավունք մը ունինք սա աշխարհին մեջ։

Մեր լուման, մեր հինգնոցն ու տասնոցը մեզի համար շատ է, եթե տալու հոժարություն ու կերպերը գիտնանք ու տվածնուս ալ