Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահեր կամ ստամոքսին մեջ չի մարսված գեշ թթու մը զգացեր էր ան ինչ ատենը շուտիկը, որ իրեն հրամցվեր էր։ Պահեց ան, գալարվեցավ անով, մեռավ ան շուտիկով, որ ինքն ալ էն վեըջը, բուն իսկ իր ազգականներուն ըսե ու արձագանքե իր գերեզմանին խորքին. «Մինչ ուրիշներ, ինձմե յոթն օտարներն անգամ իմ ձգած ոսկեզօծ շաքարներս պիտի ուտեն, դուք ալ շապ ու շուտիկ կերեք»:

Բայց աս գործը գիտցող կրոնավորն ալ մարդ վերջապես ու սխալող, երեսուն տարի առաջ իր գերեզմանը իր իսկ ձեռքովը պատրաստելու ատեն, մոռցած էր անոր երեսին տապանագիրն ալ իր ձեռքովը արձանագրել. այդ տեսակ գործ մըն ալ ինծի պես անպարիշտ ստահակի մը ձգեց, որ երկաթի ծայրով մը փորագրեմ տապանին երեսը.— «Ունայնութիւն ունայնութեանց, նոյնիսկ հաւուց աղաւնեաց ճաշակքն եւս ունայնութիւն, եկի կրօնաւոր, երթամ աշխարհական, աղօթեցեք զի ոչ յիշեսցի գործեալս իմ մեղանչական»։

Բայց ո՞վ կար, որ աղոթեր, վարդապե՛տ։

1907


ՓՈՔՐԻԿ ԵՐԱԶԱՏԵՍԸ

Ու տեսա երազիս մեջ, որ թևեր ունիմ արծիվի փետուրներով, թևեր նախշուն ու լայն բացված, որ զիս ամպերուն հավասար բարձրության մեջ կբռնեին։ Մա՛յր, ըսի, ի՛նչ պիտի ըլլա երազիս խորհրդավորությունը, որ աս Նոր տարիին գիշերը անուշիկ քուն մը բերավ աչքերուս։ Բարձիս տակ վարդեր շոշափեցի ձեռքովս ու շրթունքներս ալ նույն պահուն մեղրի համով զգացի օծված։

— Ամպն ու բարձրությունը մեծություն կնշանակեն, տղա՛ս, ըսավ մայրս, Նոր տարին շնորհաբեր տարի մը պիտի ըլլա քեզի համար, երբ դուն ինքդ այդ շնորհքը քեզի պահելու արթուն նախահոգությունով, մաքուր ու ոսկիի պես մաքուր աման մը ըլլաս։

Ես անգամ մըն ալ հարցուցի մեծությունն ի՛նչ կնշանակե, մա՛յր, քանի որ ես մանուկ պատանի մը տակավին, դուն ամեն օր քու թիզովդ չափեցիր հասակս, ինչպես անմիջապես կրնայի մեծնալ, երբ գարունին ցանված բամպակենին չեմ, երբ ուռենիին կուշտեն բուսած մորճիկը չեմ։