այնքան անհայտ հասարակության լայն խավերին։ Վիպակի հերոսները գերի ընկած հայ պարտիզաններ են, Ռայխի ստեղծած Հայկական լեգեոնից, որը գործում էր բացառապես վտանգավոր եւ առանձնահատուկ պայմաններում։ Թշնամու թիկունքում, գերմանական բանակի կազմում, բայց՝ նրա դեմ։ Արտասովոր միջավայրը ծնում է արտասովոր հերոսներ, երբեմն բնավորությամբ տարօրինակ մարդիկ, բայց ներքնապես լիովին ենթակա նվիրական նպատակին՝ հայրենիքի պաշտպանությանը։ Եւ պատերազմի հենց այդ բարդ եւ դրամատիկական իրավիճակներում է, որ դրսեւորվում են տարբեր, երբեմն հակասական բնավորություններ, նույնիսկ ամենադրական հերոսները անսխալական չեն։ Պատերազմի վերջը ողբերգական է, բայց ընթերցողը մնում է այն զգացողությամբ, որ ինքը հանդիպել է որքան արտասովոր, նույնքան իրական եւ հայրենիքին ու կյանքին նվիրված մարդկանց, առանց որոնց աշխարհը հազիվ թե կարողանար ազատվել «դարչնագույն ժանտախտից»։
Սարգսյանի հերոսների մեջ մշտապես առկա է ներքին պայքարը՝ պատերազմի եւ զինվորի միջեւ։ Շատ հաճախ բարդ իրավիճակում հայտնվելով կամ մենակ մնալով, զինվորը միտք է անում. ի՞նչ մարդկային բան է մնում զինվորի մեջ, երբ նա անընդհատ ստիպված է սպանել։ Եվ ի՞նչ է կատարվում զինվորի հետ, եթե նա ներում է մարդասպանին։ Հոգեբանական ներքին այս դրամատիզմը շատ բնորոշ է Վահանի, Ավագյանի, Մարինայի, Վարուժանի եւ մյուսների արարքներին։
«Սերժանտ Կարոն» վիպակը գրված է թեթեւ կատակային պլանով։ Կարոն հոմանիշ է ժողովրդական անմիջական իմաստության եւ պարզության, ուժի անվերապահ նվիրումի, ազնվության եւ ինքնազոհողության։ Նրա կյանքի փիլիսոփայությունը շատ դեպքերում դիմանամ է ժամանակի փորձությանը, որովհետեւ ստուգված է եւ գալիս է ժողովրդական մաքուր ակունքներից։
Քննադատները Կարոյի կերպարը համեմատում են քաջ զինվոր Շվեյկի կերպարի հետ։ Անկասկած՝ համեմատության եզրեր կան, բայց Սարգսյանի հերոսը արմատապես տարբեր է, նա օժտված է ազգային կոլորիտով, միշտ ենթակա իր պապերի պատվիրաններին,