ժողովուրդների վրա, և հայի, և վրացու, և թուրքի վրա, որովհետև հավասար ուժով երգել է և հայերեն, և վրացերեն, և թուրքերեն։
Թիֆլիսը Կովկասի լեռների անցքի առջև տարածված մեծ հանգույցն է եղել հին ժամանակներից, նրա մեջ եկել, խառնվել, միացել էին Արևելքի զանազան ժողովուրդները իրենց բարբառներով, կրոններով, փիլիսոփայություններով ու ազգային ստեղծագործություններով ու ստեղծել էին մի ինքնատիպ քաղաք, որի վրա հիանում էր ամբողջ Փոքր Ասիան ու Մերձավոր Արևելքը։ Եվ հեռավոր ժողովուրդները ամեն անգամ երբ պատերազմով վեր էին կենում դեպի Կովկաս՝ Թիֆլիսն էին երազում ու Թիֆլիսի «գյոզալները»— սիրունները։
Ահա, ինչպես մի ուրիշ անգամ էլ նկատել եմ², էդ Թիֆլիսի նման մի ինքնատիպ մեծություն էր Սայաթ-Նովան, իբրև Արևելքի բանաստեղծ։ Եվ եթե Արևելքի ժողովուրդները հեռվից հեռու վառվում էին Թիֆլիսի սիրունների կարոտով՝ ինչ ասել կուզի, որ էս հոյակապ աշուղը, աշուղ, որ Արևելքում շատ իմաստուն կերպով և բանաստեղծ կնշանակի և սիրահար միաժամանակ—էդ միևնույն սիրունների սիրով պետք է բռնկեր անմարելի ու իր կրակով վառեր թե իր ժամանակակիցներին և թե գալոց սերունդներին, ինքն էլ այրվեր, հատներ իր կրակի սաստկությունից, որովհետև, ինչպես ասում է իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ— «Աշուղլուղ քուրա դուր, յախար, յանդըրար»³— աշուղությունը հնոց է, կէրի, կավերի։
Եվ ի՜նչ գեղեցիկ է, ճշմարիտ, որ էսպես է մեր վիթխարի Սայաթ-Նովան. մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկած սիրո հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով և՛ դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու միշտ մնաց անտարբեր, և դեպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճվեցին էն կրակով, որի մեջ էրվում էր ինքը, և դեպի նրանց, որոնք հազար ու մի
185