Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է




ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ[1]



Թիֆլիս ― Կամենեց-Պոդոլսկ
1892 թ. մարտի 24 1892 թ․ մարտի 24. Թիֆլիս


Սիրելիդ իմ Անուշավան․

Վաղուց երևի սպասում ես իմ նամակին․ ես ուշացրի, որ բազմաբովանդակ լինի, և, մանավանդ, ավետիք տամ, թե «ազատված եմ կոնսիստորիայի գրագրի պաշտոնից»[2]։

Այո՛, իմ չար բախտը և մի քանի գրականական բարեկամներիս բարեսրտությունը ինձ այժմ ձգել են Հրատարակչական Ընկերության գրասենյակը[3] և ես այժմ գրասենեկապետ եմ (конторщик), սկսած ամսույս 22-ից։

Խորին տրտմությամբ հետ եմ նայում հինգ հոգեհան տարիների անցյալիս վերա, որպես մի գերեզմանի, մի դժոխքի, որից դուրս եմ եկել (?)․ բայց արդյոք առո՞ղջ եմ մնացել, կենդանի՞ եմ․— ահա խնդիրը։ Մարմնով՝ ո՛չ, բոլորովին ոչ, իսկ հոգուս ընդունակությունների մեծ մասը կորցրել եմ։ Այս թողնենք, ներկա պաշտոնիցս շատ գոհ եմ առայժմ, գոնե գործ ունեմ կրթված շրջանի հետ։ Կոնսիստորիայում, մանավանդ վերջին օրերս, հաճախակի վիճաբանություններով անտանելի էր դառել իմ մնալս։ Այդ վիճաբանությունները այնքան սուր կերպարանք ունեին, որ արժե այս նմուշը– առհասարակ անդամների հետ է լինում վեճը և դիվանապահի― մի խոսքով քահանաների— մի օր, մոտ օրերս, անդամ տեր-Գևորգն ու տեր-Աշոտը և կոնսիստորի ծառայողները շրջապատել էին ինձ առավել ոգևորված, որովհետև Արծրունին յուր խմբով դուրս էր եկել բողոքելով Մամբրեի[4] բռնության դեմ, որի դեմ ես ոտով գլխով

  1. Անուշավան Աբովյան (1862—1938) — գյուղագիր, Թումանյանի պատանեկության շրջանի ընկերներից։
  2. Թ. գրագրի պաշտոնով կոնսիստորիայում աշխատել է 1887 թ. օգոստոսից մինչև 1892 թ. մարտի 22-ը։
  3. Թիֆլիսի հրատարակչական ընկերությունը հիմնվել է 1880 թվականին։ Թ-ն այդտեղ աշխատել է 1892—1893 թթ.։
  4. Մամբրե եպիսկոպոս Սանասարյան (1844—1892) — հետադեմ հոգևորական, 1889—1892 թվականներին եղել է Թիֆլիսի թեմի առաջնորդը։
319