Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1897



ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հա՛, կյանքում ես միշտ այսպես եմ եղել,
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչել եմ «ա՜խ»։

5 Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին—
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար։

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
10 Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի տեսնում է շատ բան
Եվ մոտ, և հեռու, և փայլուն, և սև։

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
15 Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում։

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
20 Որ դեռ սրտերում շշուկ են թեթև։

Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ։

158