Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

— Ինչո՞ւ էդպես ինձ մոռացար,—
Ասավ աղջիկն ինձ մի օր։
— Ինչո՞ւ էդպես մեզ մոռացար,—
Գանգատվեցին սար ու ձոր։

5 — Ո՜հ, մի՛ հարցնեք, հին ընկերնե՛ր,
Ինչու էլ չեմ երգում ձեզ.
Շատ եմ փոխվել էն օրից վեր.
Էնպես մի ցա՜վ ունեմ ես…

— Ի՞նչ է ցավըդ, մի ճար անենք,—
10 Ասավ աղջիկն անձնըվեր.
— Ի՞նչ է ցավըդ, տո՛ւր մենք տանենք,—
Ասին սարերն ու ձորեր։

— Ո՜հ, չէ, սիրո՛ւն, էլ ոչ մի սեր
Ճար չի անիլ իմ սըրտին,
15 Դուք էլ, անուշ սար ու ձորեր,
Չեք դիմանա էս դարդին։

188