Յուրաքանչյուր ժանրի ծանոթագրություններից առաջ տրվում է ընդհանրացնող հոդված տվյալ բնագավառում Թումանյանի ստեղծագործական վաստակի հիմնական գծերի, հայրենի գրականության պատմության մեջ նրա գրաված տեղի և յուրահատկության մասին։ Ծանոթագրությունները, բացի ձեռագրերին և տպագրություններին վերաբերող փաստերից, պարունակում են նաև տեղեկություններ երկի մշակման հիմնական փուլերի, կենսական և գրական ազդակների մասին։
Հովհ. Թումանյանի ձեռագրերը, ճնշող մեծամասնությամբ, հավաքված են ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ), իսկ նրանց լուսապատճենները՝ Թումանյանի թանգարանում։ Բնագիր պատրաստողները օգտվել են նաև ուրիշ արխիվներում, Թումանյանի ընտանիքի կամ մասնավոր անձանց մոտ գտնվող նյութերից։
Թումանյանի լեզվական անդադրում որոնումները և վառ արտահայտված յուրահատկությունը, գրական և բարբառային տարրերը զուգակցելու մշտական ձգտումը արտահայտվել են նաև այն բանում, որ ոչ միայն ստեղծագործական զարգացման տարբեր փուլերում կամ տվյալ երկի մշակման տարբեր աստիճաններում, այլև երբեմն միաժամանակ (նույնիսկ միևնույն ձեռագրի մեջ կողք-կողքի) բանաստեղծն օգտագործել է զուգահեռ ձևեր, ինչպես, օրինակ, այս-էս, այն-էն, ձայն-ձեն, մայր-մեր, հայր-հեր, վերա-վրա, նորա-նրա, դժվար-դժար, կանաչ-կանանչ, ջահել-ջահիլ, տալիս-տալի, լալիս-լալի և այլն։ Ինչքան էլ սա լեզվական որոշ անհետևողականության տպավորություն ստեղծի, ներկա հրատարակության մեջ նույնությամբ պահպանվել են բանաստեղծի օգտագործած այդ կրկնակի ձևերը, որպես Թումանյանի լեզվական որոնումների ուղղակի վկայություն։ Պահպանվել են նաև միևնույն բառի գրության տարբեր ձևերը, եթե դրանք պայմանավորված են ընտրված նյութով կամ արտահայտված տրամադրությամբ։ Օրինակ, Թումանյանի երկերի տարբեր տպագիր և ձեռագիր աղբյուրներում
18