Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Չափածո երկերն ընդգրկող հատորներում հիմնական բնագրի և տարբերակների տողերը համարակալվում են (բանաստեղծությունները և բալլադները 5, 10, 15, 20, իսկ պոեմները՝ 10, 20, 30 սկզբունքով), որի հիման վրա և նշվում են բնագրային տարբերությունները։

Յուրաքանչյուր հատորի ծանոթագրությունների սկզբում կտրվի այդ հատորի մեջ օգտագործված աղբյուրների և նրանց հապավումների ցանկը։

Թեև ներկա հրատարակությունը կոչվում է Երկերի լիակատար ժողովածու, բայց այն, բնականաբար, չի կարող ամփոփել բանաստեղծի գրչի տակից դուրս եկած անխտիր բոլոր տեքստերն ու նյութերը։ Բազմաթիվ օրագրային և այլ բնույթի գրառումներ, հոդվածների պատառիկներ, նշումներ և ցանկեր, ինչպես նաև Թումանյանի ստորագրած պաշտոնական գրություններ, դուրս կմնան այս հրատարակությունից, քանի որ դրանք ունեն սոսկ մասնագիտական արժեք և ընթերցող լայն շրջաններին հասցեագրվել չեն կարող։ Այդ բոլոր նյութերը հաջորդաբար կզետեղվեն «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարի հերթական հատորների մեջ, որոնց տպագրությունը զուգահեռաբար կիրականացնի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։ Այսպիսով, հիշյալ մատենաշարի ինչպես նախորդ, այնպես էլ նոր հատորները շատ կողմերով կլրացնեն ներկա տասհատորյակը, կամբողջացնեն Թումանյանի գրական ամբողջ ժառանգության հավաքման և տպագրության, այն գիտական շրջանառության մեջ մտցնելու խնդիրը։

Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուն կոչված է ամփոփելու թումանյանագիտության շուրջ հարյուրամյա ճանապարհի ձեռքբերումները, դառնալու կայուն հիմք՝ հայ ազգային մեծ բանաստեղծի երկերի նոր մասսայական հրատարակությունների և թարգմանությունների, նրա կյանքի և ստեղծագործության գիտական ուսումնասիրության կարևորագույն խնդիրների լուծման համար։

20