Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով։

5 Ձե՜զ, ձեզ, վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տըխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր։

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
10 Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն…

Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,—
15 Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ։

Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
20 Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ։

Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել։

25 Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր…

23