Խունկի բուրյան մըշուշներում,
Մըրմունջներով պատած երգի՝
Կանգնած է նա կապույտ հեռվում՝
Վարդը կյանքի, հարսն երկընքի, 5
Եվ չըգիտեմ՝ աղո՞թք անեմ,
Թե՞ ըզմայլեմ իր գեղի դեմ։
Համակ շընորհք ու սըրբություն,
Նայում է լուռ՝ լուռ սըրտիս մեջ,
Լուս հայացքի խորքում անհուն 10
Վառված սիրո կըրակն անշեջ…
Եվ ո՞վ կասի՝ կըրա՞կն է շատ,
Թե՞ սըրբությունն իր անարատ։
Խաչ է բըռնած իր կույս ձեռին,
Որ նըման չի ոչ մի խաչի, 15
Ու որթն, ասես, աստվածային,
Պիտի շընչի ու կանաչի.
Մի նըշանում կապված հանդարտ՝
Տանջանքը վեհ, կյանքը զըվարթ.
Մութի թեթև քող է իջել 20
Պայծառությանն իր երկնային,
Վշտի ամպից լույս ճաճանչել,
Լույսն ըսքողվել վշտովն իր հին.
Ու չարիքն էլ, ասես, անկար,
Զարդ է դարձել իրեն համար։