Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիներ անց նա պիտի դիպուկ ձևակերպեր այսպես. «Գրականությունը ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները» (ԵԺ, IV, 239)։

Իհարկե, տարիների ընթացքում, բանաստեղծի հասունացման ու հայ ժողովրդի փոթորկոտ կյանքի թելադրանքով, առաջին շրջանի մոտիվներին գումարվում են նորերը, որոնք ևս նախորդների նման գեղարվեստորեն ընդհանրացնում են բանաստեղծի հոգու խռովքն ու յուրովի պատկերում ժամանակի անցուդարձերը, սակայն «հին» մոտիվները երբեք չեն մղվում երկրորդ պլան, Թումանյանը չի դավաճանում դրանց, այլ աստիճանաբար հղկում, փայլեցնում է՝ հասցնելով կատարելության։

Արդեն առաջին քայլերից Թումանյանն արծարծում է համազգային, համաժողովրդական, նաև համամարդկային մոտիվներ, նախնիների դասերն ու բարոյականությունը, անձնականի ու հասարակականի փոխհարաբերությունը, մարդն ու բնությունը, կյանքի ու մահու հավերժական պայքարը, սերն իր արտահայտման բազմազանությամբ, կարոտն ու վիշտը, որն ինչ-որ տեղ աղերսվում է Բայրոնի «համաշխարհային» վշտին, սոցիալական հարցերը, որոնք հաճախ ներկայացվում են երգիծանքի հնարանքներով և, վերջապես, հայ ժողովրդի ողբերգական ու հերոսական ճակատագիրը, որի գեղարվեստական մարմնավորման մեջ է նա տեսնում իր կոչումը։

Իր իսկ վկայությամբ՝ Թումանյանը ոտանավորներ գրել է դեռևս 1879—1880 թթ., սակայն ուշադրության արժանի իր առաջին բանաստեղծությունը, որն, ի դեպ, նաև առաջինն է մեզ հասածների մեջ, համարում է «Հոգուս հատորը»՝ տասներկու տարեկան պատանու համար մի զարմանալի երկ և՛ անթերի ձևով, և՛ սիրո հստակ զգացողությամբ։

Այսպես է սկսվում սիրո մոտիվը Թումանյանի քնարերգության մեջ։ «Արտաքին» ու «ներքին» աշխարհների համադրությունն այնուհետև ներկայանում է բազմաթիվ երանգներով՝ վաղորդյան շողերից մինչև մայրամուտի խտացող գույները և գնալով դառնում բանաստեղծի սիրային երգերի հենքը՝ նրա սերն իմաստավորելով որպես խորապես հասարակական զգացում։

Մանավանդ առաջին շրջանի ստեղծագործություններում Թումանյանի սիրո մեջ նկատվում է նաև, այսպես կոչված, ներանձնական զգացման արտահայտությունը։ Օրինակ՝ «Ուրու», «Սիրելի աչեր», «Ռոմանս» և մի քանի այլ բանաստեղծությունների առարկան, ինչպես սիրո «դասական» երկերում, սիրելիի հմայքն է և սիրազուրկ ապրելու վիշտը. «Ա՜խ, չարտասվել ես չեմ կարող, ծանր է ապրել սիրազուրկ»։ Սակայն Թումանյանի սիրո մոտիվներում այս բանաստեղծություններն, իհարկե, ամենագրավիչները չեն։ Նույնիսկ, կարելի է ասել, սրանք ինչ-որ չափով ուսումնառության շրջանում նրա կրած ազդեցությունների հետքեր են պարունակում։ Գրականության պատմության մեջ ընդունված

522