Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակը միայն տխուր փաստերի նկարագրությունը չէ, այլև սոցիալական հեղաբեկման փոքր-ինչ քողարկված պահանջը։ Սա է ոգեշնչում բանաստեղծին նաև Գ. Բաշինջաղյանի բնանկարը դիտելիս։ Նա հիացած է «քաջերի ձորը», «ժայռերի խոր մտածմունքը», «համատարած ահռելի խավարն» ու «լուռ հանգստությունը» կտավին հանձնելու Բաշինջաղյանի կարողությամբ։ Նա նկարչին իր գործի «արտիստն» է համարում, բայց միաժամանակ առաջ է քաշում անդնդախոր ձորում կուչ եկած հայի «հոգու գիշերը» պատկերելու խնդիրը, որպես արվեստագետի առաջին և սուրբ պարտականություն։

Սոցիալական հարցերի լուծման նրա տենդագին որոնումները ոչ միայն պարբերաբար դրսևորվել են նրա հրապարակախոսական գործունեության մեջ, այլև հաստատվել զուտ գրական փաստերով։ Հայտնի է, օրինակ, որ դեռևս 1903 թ. Թումանյանի թարգմանությամբ սոցիալ-դեմոկրատական մի թռուցիկի վրա տպագրվել և մայիսմեկյան ցույցի ժամանակ տարածվել է Պուշկինի «Ազատություն» բանաստեղծության մի քառատողը, որով բանաստեղծն իր ցասումն ու ատելությունն է արտահայտում ցարական ինքնակալության նկատմամբ։ Հայտնի է, որ հայ հեղափոխականների խնդրանքով նա թարգմանել է նաև «Ինտերնացիոնալի» մի հատվածը, որը լույս է տեսել 1904 թ. «Պրոլետարիատի կռիվը» սոցիալ-դեմոկրատական անլեգալ թերթում։ Վերջապես, այժմ հայտնի է դառնում, որ 1905 թ. գարնանը Մինգրելիայի մի շարք բնակավայրերում ծագած գյուղացիական խռովություններին արձագանքել է հայ բանաստեղծը «Պարոնների դարը անցավ...» տողով սկսվող բանաստեղծությամբ։

• • •

1904 թ. մի նամակում, ուղղված Փ. Վարդազարյանին, որը պատրաստվում էր նրա մասին հրատարակել «Վշտի և թախծի երգիչ Հովհաննես Թումանյան» գրքույկը (տպ. 1905 թ.), Թումանյանը գրել է. «Ընդհանուր առմամբ դու քո բանաստեղծին նկատել ու ճանաչել ես շատ ճիշտ, որ նա իր ժողովրդի թշվառության երգիչն է, թախիծի, վշտի բանաստեղծ, որ այդ թախիծը, այդ տխրությունը ունի զանազան աղբյուրներ, բայց բոլորը մի տեղից են գալիս ու մի տեղ գնում և այդ է մեր-հայկական կյանքը, հայկական աշխարքը։ Գուցե այդ լինի իմ գլխավոր արժանիքը» (ԵԺ, V, 283):

Ողբերգության այդ «զանազան» աղբյուրներից մեկն էլ, իհարկե, հայ ժողովրդի արևմտյան հատվածի ազգային-քաղաքական ծանր վիճակն էր, որն ամենաավանդական թեման էր արդեն նախորդ շրջանի հայ քնարերգության մեջ։ Ավելին, ազգային-ազատագրական գաղափարների առաջին տաղանդավոր ջատագովներն արդեն ապրել էին

529

34-23