ավելի ու ավելի խոր, բազմակողմանիորեն ըմբռնելու և իմաստավորելու ճանապարհով։ Դրա ամենից ցայտուն արտահայտությունը պետք է համարվեն մեր մեծ բանաստեղծների պատկերավոր բնութագրումները։ Թումանյանի մահվան թարմ տպավորության տակ գրած հոդվածում (1923) Ավ. Իսահակյանը նրա պոեմներն ու լեգենդները համարեց «մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը, որից այն կողմ չի անցել մեր թոիչքը»։ Դրանից ճիշտ մեկ տասնամյակ անց Ե. Չարենցն այդ նույն միտքն ամփոփեց թևավոր բանաստեղծական բանաձևի մեջ. «Թումանյա՛նն է անհաս Արարատը մեր նոր քերթության»։
Հովհ. Թումանյանի ստեղծագործության համազգային նշանակությունը, նրա անփոխարինելի դերը հայ գրականության մեջ ռեալիզմի և ժողովրդայնության սկզբունքների զարգացման գործում, ինչպես նաև նրա առնչությունները ՍՍՀՄ ժողովուրդների գրականության, նոր ժամանակների համաշխարհային գրական պրոցեսի և գեղարվեստական որոնումների հետ բացահայտվել և մեկնաբանվել են գիտական բազմաթիվ ուսումնասիրությունների մեջ։ Այդ հարցերը լայնորեն լուսաբանվեցին հատկապես մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակի համաժողովրդական տոնակատարության ժամանակ, որը մեծ շուքով ու հանդիսավորությամբ անցկացվեց 1969 թվականին։ Թումանյանի անունը լիակատար իրավունքով մտել է նոր ժամանակների համաշխարհային խոշորագույն բանաստեղծների՝ Գյոթեի և Բայրոնի, Պուշկինի և Լերմոնտովի, Միցկևիչի և Շևչենկոյի, Նեկրասովի և Լոնգֆելլոյի անունների շարքը, որոնց ժառանգությունը պատկանում է ամբողջ մարդկությանը։
Ավելորդ է ապացուցել, թե ինչքան կարևոր է ինչպես Թումանյանի երկերի մասսայական հրատարակությունների ու թարգմանությունների, այնպես էլ, մանավանդ, նրա գրական ժառանգությունը բնագրագիտության նորագույն սկզբունքներով տպագրության պատրաստելու գործը։ Դա հայ գրականագիտության առաջնահերթ խնդիրներից է և ունի ոչ միայն գրական, այլև հասարակական և ընդհանուր մշա-
6