Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՆԿԱՐԻՉ Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻ «ՁՈՐԱԳԵՏԸ ԳԻՇԵՐՈՎ» ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ

Արտի՛ստ, քաջերի այս ձորն ահարկու
Յուր բնավայրից փոխադրել ես դու.
Մե՛ծ է արդարև, մեծ է քո հոգին,
Որ ընդգրկել է ժայռերն ահագին
5 Իրենց սեփական խոր մտածմունքով,
Փրփրուն գետը փայլուն ծփանքով,
Լուսին-աստղերով կամարը երկնի
Եվ համատարած խավարն ահռելի…
Լո՜ւռ հանգստություն— գիշեր է մթին.
10 Հանգստանում է նաև իմ հոգին։

Բայց ահա, այնտեղ, ձորի խորքերում
Մի մենակ վառվող լույս է երևում.
Այո՛, մի խուզ կա այն ձորի միջին,
Դու ճանաչո՞ւմ ես նորա բնակչին…
15 Օ՜հ, չես ճանաչում— անծանոթ ես դու,
Բայց թե գիշերը և նրա հոգու
Կարողանայիր տեսնել և զգալ—
Հանգստություն չէիր նայողին դու տալ։

79