Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



106. ԳԱԼՈՒՍՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՄԻԱԲԱՆ)
Թիֆլիս—էջմիածին
1911, հոկտեմբերի 30, Թիֆլիս
Սիրելի Գալուստ,

Թեև ամենաշատ տարածված թերթն է «Հորիզոնը», բայց, այնուամենայնիվ, մի խառնակ դրության մեջ էր գործը և ահա վերջ եղավ այդ ամենին։ Կազմեցինք մի ընկերություն— Т—во на вере, որի գլխավոր բաժնետերն ու կարգադրիչը Համբ. Մելիքյանն է (որ 25,000 է բերում իր կողմից), և այժմ հնարավորություն ունենք ըստ ամենայնի թերթը լավացնելու։ Ամենաառաջին խնդիրն ինձ համար նրա բովանդակությունն է, իհարկե, և լուրջ աշխատակիցներն են։ Դրա համար էլ քեզ դիմելով՝ խնդրում եմ քո աշխատակցությունը՝ լուրջ բանասիրական հոդվածներով հենց, մի բան, որ մեր ընթերցող հասարակցությունը չի տեսնում։ Անշուշտ, նրանց լայն շրջանների համար մի քիչ գրաբար կլինի, բայց մի մեծ բազմության համար շատ կլինի թանկ ու հասկանալի։ Եվ որքան ցանկալի էր, որ մեր կյանքի, մեր աշխարհքի, մեր լեզվի, մեր գրականության վրա լիներ խոսքդ, մենք մեզանից միանգամայն անտեղյակ մի ժողովուրդ ենք։

Մեր տողավարձի մաքսիմումը նշանակված է տողին 4 կոպեկ, և այդպես էլ քեզ կտրվի։

Արդեն կարգադրել ենք տպարանն ու թուղթը փոխելու1։ Գուցե քեզ հետաքրքրի թերթի դրությունը։ Արդեն ունենք 3,200 տիրաժ և օրեցօր ավելանում է բաժանորդն ու հայտարարությունը, որ այս տարի մեզ տվել է մոտ 10,000 ռուբլի։ Վերջերս սկսել են գալ «Մշակի» բաժանորդներն ու աշխատակիցները։