154. ԴԱՎԻԹ ՏԵՐ– ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ (ԱՆԱՆՈՒՆ)
Թիֆլիս– Բաքու
Ազնիվ բարեկամ,
Ստացա Զեր ուղարկած ((Ուսանող)) հանդեսը։ Շնորհակալ եմ և ցավում եմ, որ իմ գրքերից չունեմ ձեզ ուղարկելու։ Հինը վաղուց է սպառված, իսկ Բաքվի տպագրությունն էլ էնքան է լիքը պակասություններով ու սխալներով, որ չեմ ուզում ուղարկել։ Շատ է ուշագրավ և ուրախալի էն գրական հոսանքը, որ կարողացել եք առաջ բերել Բաքու մի խումբ մարդիկ, և, ըստ երևույթին, մեծ մասամբ սոցիալ-դեմոկրատներ։
Երևի կարդում եք Թիֆլիսի մեր երեկույթների ու աղմուկների մասին։ Հետզհետե ավելի լուրջ կերպարանք կտանք ու կկանոնավորենք։ Մի քանի մտքեր ունենք, որ իրագործենք՝ ամեն բան լավ կգնա։ Մինը սեփական տուն ունենալու խնդիրն է։ Որ ընկերությունը սեփական շենք ունենա՝ շատ բան կվճռի նրա հետ։ Ես հույս ունեմ, որ էս տարի գլուխ կբերենք գրական ֆոնդի հետ։
Կրկին շնորհակալությունով և ջերմ բարևներով
Ձեր բարեկամը՝
Հովհ. Թումանյան
155. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
Թիֆլիս
Կովկասի հայոց հրատարակչական ընկերության հարգելի վարչությանը
Ստացել եմ հարգելի վարչությանդ տարուս մայիսի 29֊ի № 247 գրությունը1