մանակին Շուշվա հանձնաժողովը դիմել էր անգլիական հրամանատարությանը՝ խնդրելով խառն քննական մասնաժողովներ կազմակերպել գավառները ուղարկելու համար։ Անգլիական հրամանատարությունը համաձայնել էր։ Այն ժամանակ Շուշվա հանձնաժողովը այդ մասնաժողովների ծախքերի համար փող էր խնդրել անգլիացիներից, սակայն նրանք միանգամայն իրավացիորեն պատասխանել էին, որ այդ ծախքերը հայերը իրենք պիտի հոգան, և քանի որ Հայաստանի կառավարությունից մենք նպաստ չկարողացանք ստանալ և չկարողացանք փող ուղարկել Շուշի, խառն մասնաժողովների ծրագիրը չիրականացավ։
Նույն պատճառով մենք ևս այստեղից չկարողացանք խառն մասնաժողովներ ուղարկել Վրաստանից դուրս գտնվող վայրերը (Վրաստանում այդպիսի մասնաժողովներ չեն կարող գոյություն ունենալ, որովհետև վրաց կառավարությունը դրա վրա կնայի իբր դաշնակիցների կողմից Վրաստանի ներքին գործերի մեջ խառնվելու փորձ)։
Նորերս մեր հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության այստեղի դիվանագիտական միսսիայից ստացավ մի հայտարարություն վնասների մասին, որ էջմիածնի գավառի Թալիշ գյուղացի Միքայել Գևորգյանը տվել է անգլիական հրամանատարության անունով, իսկ վերջինս ուղարկել է դիվանագիտական միսսիային, միսսիան էլ՝ մեզ։
Այդ բոլոր հայտարարությունների կարգավորման, մշակման և նրանց իրավաբանական բնույթ տալու համար՝ անհրաժեշտ է ստանալ Հայաստանի կառավարությունից 50,000 ռ. նպաստ (բացի վերոհիշյալ 110,000 ռ. գումարից և Շուշվա հանձնաժողովին ուղարկելիք 50,000 ռուբլուց)։
Հակառակ դեպքում՝ հանձնաժողովը ստիպված կլինի վերջնականապես դադարեցնել իր գործունեությունը և իր մոտ եղած տասնյակ հազարավոր հայտարարությունները ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ի տնօրինություն7։