Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

326. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Դսեղ– Թիֆլիս

<1919, օգոստոսի երկրորդ կես, Թիֆլիս>

Սիրելիք, ես լավ տեղ հասա և լավ եմ։ Սրանք էլ ինձանից են լավ։ Մերոնք էլ սրանցից են լավ։

Մայրիկին ղրկում եմ, որ բան բերի ձեզ համար։ Ասի՝ մի երկու տոպրակ մածուն բերի ձեզ համար — չբերեց։ Ասի՝ ագդակ ու գաթա թխի բերի — չբերեց։ էլի ես մի երկու գաթա դրի ու մի քանի ագդակ։ էլի ես։ Համլիկը մի քանի մեշոկ եմիշ էր ղրկել, ասի՝ մի մեշոկ եմիշ տար—չբերեց։ Ասի՝ մի քանի ռամկա մեղրը բերի — չբերեց։ Կանֆետ կար—ասի՝ էն բերի — էն էլ Սեդիկը չթողեց։ Ասի՝ մի քթոց ֆոն կամ դամբիլ տար, էն էլ ֆոնը չբերեց, դամբիլն էլ Անուշը կերավ։ Մի խոսքով մինչև չգաք — ձեզ ճար չկա։

Համբույրներով՝

հայրիկ

<Հ.Գ.> Պահարաններս ու սենյակս բաց չթողնեք։

327. ՆՎԱՐԴ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ Թիֆլիս— Երևան

<1919>, հոկտեմբերի 5, Թիֆլիս

Նվարդ ջան,

Գնացիր ու գոնե նամակ չես գրում, թե ինչ ես անում, ոնց հասար և երբ ես գալու։ Անուշն էլ էն կողմը գնաց՝ Ղարս, նա էլ չի գալիս։ էսօր նրանց էլ եմ նամակ գրելու։ Գրելու եմ, որ՝ թե Աշխենը գալիս չի, Անուշը գա։

Երեկ քո ընկերուհիներից մեկն ասում էր՝ իրեն գրքերը քեզ մոտ են մնացել և այժմ շատ հարկավոր են։ Ասի՝ գա, եթե գտնենք կտանք իրեն։