իմ անմեղությունը։ Այլ բան է, եթե որևէ կասկած լիներ իմ ներկայացրած տվյալների նկատմամբ, բայց ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ ապացուցել դրանք։
Ինչ վերաբերում է Թիֆլիսի ժանդարմական վարչության մեղադրանքներին, ինչպես երևում է, ես հնարավորություն չեմ ունենա դրանք իմանալու, որպեսզի կարողանամ հերքել և ցույց տալ թյուրիմացությունները։
Խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, հաշվի առնել մեր ժամանակը, մեր երկիրը և մարդկանց, երբ շատ հեշտ է շփոթել սպիտակ դրոշակը կարմիրի հետ, բանաստեղծին՝ մարդասպանի։ Այժմ ստոր մարդիկ իրենց անձնական շահերի և հաշիվների համար հնարավոր են համարում զբաղվել մատնություններով։ Շատ հեշտ կարող է պատահել, որ ինձ հետ էլ նույն ձևով են վարվել։ Իսկ ես փաստորեն կարող էի պարզել գաղտնիքը, եթե նրանց անունները հայտնվեին, և Ձեր թյուրիմացությունները, ինչպես և իմ տանջանքները կվերանային։
Թերևս պատճառը հանդիսանում Է ինչ-որ արտաքին հանգամանք, քանի որ ժանդարմական վարչության գործակալները նկատել են ինձ մոտ եկող-գնացող անձանց։ Իմացած եղեք, որ ես հայտնի գրող եմ, ունեմ բազմաթիվ ծանոթներ ու ընկերներ, և ինձ մշտապես այցելում են Թիֆլիսից և այլ վայրերից նաև շատ անծանոթ մարդիկ։ Ինչու ես պետք Է ճանաչեմ նրանց և խուսափեմ նրանցից։
Ես հուսով եմ, Ձերդ գերազանցություն, որքան Էլ թանկ է Ձեր համար պետության պաշտպանությունը, նույնքան էլ թանկ է պատիվը և ապահովությունը ամեն մի անձի, որը կազմում է այդ պետությունը։ Այդ հույսով դիմելով Ձեզ, խոնարհաբար խնդրում եմ Ձեր բարեհաճ ուշադրությունը իմ գործին և այն հանգամանքին, որ, ինչպես տեսնում եք իմ ներկայացրած փաստերից, ես չափազանց խաղաղասեր բնավորության տեր մարդ եմ, մանկական «Հասկեր» ամսագրի գլխավոր աշխատակիցը, տաս երեխաների միակ կերակրողը, որոնցից ութը սովորող են, իսկ ավագ որդիս իզուր բանտարկված է ինձ հետ. նա գիմնազիայի 8-րդ դասարանի աշակերտ է, կարող է վտարվել գիմնազիայից և ամբողջ կյանքում դժբախտանալ։
Տոմս № 2499
1909 թ., հունվարի 24,
Մետեխի բերդ