Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին… 95
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ, 100
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜:
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա. 105
Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ, 110
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ, 115
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ, 120
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին: